ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին:
«Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի և անդամ-երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ:
«Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը:
Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի ժողովրդին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից»,- ասաց նա: