Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիրթերյան իր էջում գրել է, որ իր ղեկավարած կառույցը որոշում է կայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտերի կապակցությամբ:
«Մենք խորհուրդ ենք տալիս Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ՝ ընդունելով, որ երկիրը պետք է իրականացնի մի շարք կարևոր բարեփոխումներ։ Ուկրաինան հստակորեն հավատարիմ է եղել եվրոպական արժեքներին և չափանիշներին: Եվ պատերազմից առաջ է սկսել իր ճանապարհը դեպի ԵՄ»,- նշել է ֆոն դեր Լայենը Թվիթերում:
Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինան արդեն իրականացրել է ԵՄ կանոնների, նորմերի և ստանդարտների մոտավորապես 70%-ը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, դեռևս կարևոր աշխատանք կա անելու՝ օրենքի գերակայության, օլիգարխների, կոռուպցիայի դեմ պայքարի և հիմնարար իրավունքների ուղղությամբ: «Գործընթացը հիմնված է արժանիքների վրա: Այսպիսով, առաջընթացն ամբողջությամբ կախված է Ուկրաինայից»,- ասել է ֆոն դեր Լայենը:
«Մենք նաև խորհուրդ ենք տալիս Մոլդովային տալ թեկնածուի կարգավիճակ՝ հասկանալով, որ երկիրը բարեփոխումներ է իրականացնելու։ Մոլդովան բարեփոխումների, հակակոռուպցիոն և եվրոպական իրական ուղու վրա է: Այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Բայց մենք կարծում ենք, որ այն ունի չափանիշներին համապատասխանելու ներուժ»,- շարունակել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Վրաստանի մասի ֆոն դեր Լայենն ասել է. «Վրաստանն այժմ պետք է քաղաքականապես միավորվի՝ հստակ ուղի մշակելու դեպի կառուցվածքային բարեփոխումներ և ԵՄ: Այսպիսով, մենք խորհուրդ ենք տալիս Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, բայց վերադառնալ և գնահատել, թե ինչպես է այն համապատասխանում մի շարք պայմանների՝ նախքան նրան թեկնածուի կարգավիճակ տալը»: