Դիմորդների համար օրը կրկին քննական էր: Հանրապետությունում ձևավորված 38 քննական կենտրոններում մաթեմատիկայի գիտելիքներն էր ստուգում ավելի քան 5400 դիմորդ:
Համար 14 հիմնական դպրոցում 160 դիմորդ էր քննությանը մասնակցում: Բոլորը պայուսակներն ու հեռախոսները մի կողմ դրեցին, տեղավորվեցին: Կազմակերպիչները տեղեկացրին՝ ոչ մի ավելորդ իր քննասենյակ չտանել: Նկատելիս էլ մոտեցան, զգուշացրին:
Քանի որ քննությունը թվերին է առնչվում, գնահատման և թեստավորման կենտրոնը նախապես հայտարարել էր, որ թույլատրում են քննասենյակ քանոն, կարկին, մատիտ տանել, նաև պարզագույն հաշվիչներից օգտվել։
Սպարտակ Վարդանյան (քննական կենտրոնի ղեկավար) - Բարդ հաշվիչները եթե լինում են, արգելում ենք, կամ դիմորդի շահերից ելնելով՝ հաշվիչը վերցնելուց հետո սոսնձում ենք, որ չկարողանա օգտվել:
Քննասենյակ հաշվիչներ գրեթե բոլորն էին բերել, Մանեն նախընտրել էր երկուսը իր հետ վերցնել:
Մանե Բարեղամյան (դիմորդ) - Մտածեցի՝ մեկը փչանա, մյուսը թող լինի լրացուցիչ:
Տնտեսագիտական համալսարան է դիմել, ֆինանսիստի մասնագիտությունը ընտրել: Անգլերենի քննությունը հանձնել, բարձր միավոր է հավաքել: Եվս մի քանի ժամ, ու պարզ մաթեմատիկական հաշվարկով կպարզի՝ ընդունվե՞լ է արդյոք բուհ:
Ֆինանսիստի մասնագիտությունն է ընտրել նաև Վահեն, հայ-ռուսական համալսարանի համար է գիտելիքները ստուգում:
Վահե Սարդարյան (դիմորդ) - Որպես երկրորդ մասնագիտություն՝ սովորում եմ ծրագրավորում: Էս պահին աշխատում եմ դեվելոփր, երկու մասնագիտություն եմ ունենալու՝ ֆինանսիստ, ծրագրավորող:
Դիմորդները 80 առաջադրանքին պատասխանելու համար 3 ժամ ունեն: Կարգը ներկայացնելուց հետո ուղիղ 9:30 մեկնարկեց քննությունը: Ավարտելուց հետո հնարավորություն տրվեց պատճենահանել ձևաթուղթը:
Սպարտակ Վարդանյան - Պատճենահանված ձևաթուղթը իր հետ տանում է, որպեսսի մեկ ժամ հետո համացանցից օգտվի:
Ճիշտ պատասխանները հրապարակվում են քննությունից մի քանի ժամ հետո՝ ԳԹԿ կայքում, 5 օր անց դպրոցներում փակցվում են դիմորդների գնահատականները: Ովքեր դժգոհ լինեն արդյունքից՝ հնարավորություն կունենան բողոքարկել: