ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
«Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պիտի ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- ասաց Կոնջորյանը:
Կոնջորյանը վստահություն հայտնեց, որ Վարդապետյանն ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է իր խղճի առջև պատասխանատու: