ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Երևան քաղաքի բնակչի՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ հիշյալ բնակիչը 2022 թ. մայիսի 11-ին՝ ժամը 22:05-ին, «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, որի եզրակացությունը ստացվել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվել են տղամարդու կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ տուժողը նշված վնասվածքները ստացել է 2022 թ. մայիսի 10-ին` անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ:
Նկատի ունենալով հիշյալ քաղաքացիների վերաբերյալ համացանցում ողջ օրվա ընթացքում տարածվող տեղեկություններն ու մեկնաբանությունները՝ նախաքննական մարմինը տեղեկացնում է, որ նշված երկու անձանցից մեկը բերման է ենթարկվել, իսկ մյուսն ինքնակամ ներկայացել է բացառապես ՀՀ քրեական օրենգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան «Թվիթերում» գրել էր, թե հայ իրավապահները «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել են իր ընկերներին ու պահանջել իր տվյալները: