2021 թվականին Հայաստանի Կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին հասել է ամենաբարձր ծավալի, իսկ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության։ 2021 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրափակիչ ելույթն այս ցուցանիշների հրապարակմամբ սկսեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց` սրանով հերքվում է 2021 թ. ամբողջ ընթացքում ծայրահեղ ընդդիմության զարգացրած երկու հիմնական թեզերից մեկը, թե` Հայաստանը միայնակ է թողել Արցախին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում։ Այս գումարից 57.8 միլիարդ դրամը Հայաստանի Կառավարությունն է վճարել։ 2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել:
Վարչապետը շեշտեց՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում։ Հենց Հայաստանի բյուջեի միջոցներով են վճարվել Արցախի բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները, առողջապահական ու կրթական համակարգի ծախսերը: 2020-ի նոյեմբերից սկսած և 2021-ի ամբողջ ընթացքում հատուցվել են արցախցիների կոմունալ ծախսերը:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականին արդեն Արցախին ՀՀ Կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, ՀՀ Կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 միլիարդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 միլիարդ դրամով: Այս միջոցներով Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն։
Վարչապետն ընդգծեց՝ այս ամենը չեն թմբկահարել, որովհետև դա իրենց աշխատանքն է, Հայաստանի Կառավարությունը կա ու միշտ էլ կլինի Արցախի կողքին, ինչքան էլ որ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ Հայաստանի ու Արցախի միջև հակասություններ սերմանեն:
Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմության երկրորդ թեզին, այն է՝ իրենց իշխանության տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: Ասաց՝ հիասթափեցնող լուր պետք է հայտնի:
Նիկոլ Փաշինյան - Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և, այդպիսով, նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով: Բնականաբար, նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ ապացույցներով։ 1998 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է` «Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա՝ միջազգայնորեն սահմանված սահմաններում»։ Երկրորդ մեջբերումը «Ընդհանուր պետություն» փաթեթից․ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող վկայական կունենան Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։ Այս մասին, բնականաբար, իմացել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը։
Փաշինյանը նշում է՝ նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։
«Ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին, շարունակեց վարչապետը, հաջորդել է այսպես կոչված «տարածքների փոխանակման» փաթեթը, որով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Եվ ահա թե ինչու:
Նիկոլ Փաշինյան - Որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ եթե Հայաստանը պիտի իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին` Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Խնդրո առարկա նախագծում ուղիղ էլ գրված է, որ Հայաստանը Մեղրիի շրջանն է տալիս, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը։ Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը։ Նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղն Ադրբեջանինն է` Շուշիի և Լաչինի հետ միասին, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որ իր հերթին նա տալիս է Ադրբեջանին` ԼՂ-ն ստանալու համար։
Այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում, նկատեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ` կառավարության մաս:
Նիկոլ Փաշինյան - Մադրիդյան սկզբունքներով բացառվել է Ղարաբաղի չլինելը Ադրբեջանի կազմում: Որովհետև այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար:
Ամփոփելով ելույթի՝ Արցախին վերաբերող հատվածը՝ վարչապետը շեշտեց՝ իրենց ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ-ն չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ միջանկյալը, և հենց սրանում է եղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը։
Նիկոլ Փաշինյան - Եթե ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ` տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյեկտը համաձայնի քո անկախության հետ։ Սա է եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիրքորոշումը, ինչի վերաբերյալ նրանք ինձ ասել են անձամբ, և ինչը երևում է բանակցային գործընթացի ողջ պատմությունից, որից բխում է, թե Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անելու համար պիտի ստանար Ադրբեջանի թույլտվությունը։ Եթե ԼՂ-ն չեք ճանաչել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ եք նրա թույլտվությունը հայցում հանրաքվե անելու համար, այն էլ՝ 1991 թվականի հանրաքվեն չեղյալ անելու գնով։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը։ Այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, նկատեց Փաշինյանը, Հայաստանn այն ճանաչել է դեռևս 1992 թվին՝ ԱՊՀ-ն ստեղծելու մասին համաձայնագրով, երբ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը եղել են Գերագույն խորհրդի պատգամավորներ: Ինչպես նաև 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, երբ արձանագրվել է, որ Սոթք - Մեղրի հատվածի հայաստանյան բնակավայրերը դեպի հյուսիս-արևելք և դեպի արևելք սահմանակցում են Ադրբեջանի և ոչ թե ԼՂ-ի հետ:
Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը անիրատեսական և անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ նրանք, այսինքն՝ ՀՀ նախկին իշխանությունները, երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում: Իրականում սակայն, վերը նկարագրված բանակցային իրականությունը վկայում է այն մասին, որ նրանք իրենց իշխանությունը պահել են` Արցախն ընդունելով Ադրբեջանի կազմում, կազմաքանդելով Ղարաբաղի հարցի հայեցակարգը, ԼՂ-ն թողնելով բանակցային գործընթացից դուրս, որովհետև հանուն Արցախի հայ ժողովուրդը շատ բաներ է հանդուրժել, միայն թե Արցախի հարցը հասնի իր լրումին:
Սակայն, ընդգծեց Փաշինյանը, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մարդիկ հասկացան, որ իրենց 25-ամյա զոհողությունները հայոց բանակի և պետականության հզորացմանը չեն ծառայել, այլ մի շարք մարդկանց հարստացմանը և ոսկեզօծ կյանքին: Եվ շատերն են զարմացած, թե 2020 պատերազմից հետո ինչպես և ինչու ՔՊ-ն կարողացավ հաղթել ընտրություններում:
Պատճառը մեկն է, վստահեցրեց Փաշինյանը՝ որովհետև մարդիկ տեսել են, որ Ղարաբաղի հարցի հայկական բովանդակությունը փրկելու հուսահատ կռիվ են տվել ու իրենց վրա վերցրել պարտության պատասխանատվությունը: Ու չնայած դրան՝ մարդիկ հասկացել են, որ պարտությունը 1-2 տարում չի ծնվել, այլ 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում, հասկացել են, որ պարտության զանգը նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին:
Փաշինյանը նկատեց, որ իրենք դրսում և ներսում իշխանությունը պաշտպանելու կարիք չունեն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Եվ ցանկացած կարգավիճակ, որ կապահովի այդ ամենը, պիտի լուծում համարվի մեզ համար:
Նիկոլ Փաշինյան - 2021-ի հունվարին էր մեզ թվում, թե մենք ենք հայտնվել խռովահույզ փոթորկի հորձանուտում: Կարելի էր կռահել, որ համաշխարհային փոթորիկ է սկսվում մեզանով: Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր պետությունների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ: Եվ միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է։ Դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանա՞նք, կստացվի՞: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել:
Վստահեցնելով, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ-ի, այլև Հայաստանի կործանման՝ վարչապետը կոչ արեց համախմբվել խաղաղության օրակարգի շուրջ, Հայոց պետականության և նրա շահերի շուրջ: