Հունիսի 12-ին Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու ենթադրյալ մարդասպանների, որոնց Ֆրանսիա են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոլի քննադատ, բլոգեր Մահամմադ Միրզալիին սպանելու համար:
Վարձկաններից մեկն ադրբեջանցի է, որը զինված է եղել ատրճանակով, մյուսը՝ թուրք ծագումով մոլդովացի։ Երկուսն էլ վարել են լեհական գրանցումով մեքենաներ, և երկուսն էլ իրենց GPS սարքերում ունեցել են Միրզալիի հասցեն:
Ըստ ոստիկանության տվյալների՝ կասկածյալներից մեկը 2018 թվականին ձերբակալվել է առևանգման մեղադրանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Սա Մահամմադ Միրզալիի սպանության երրորդ փորձն է: Նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում՝ Իլհամ Ալիևին խիստ քննադատելու համար: Միրզալին իրավապահներին ասել է, որ «օրական ստանում է միջինը 2000 սպառնալից հաղորդագրություն, հատկապես՝ YouTube-ում»:
Ընդդիմադիր բլոգերը ստիպված է եղել հոսպիտալացվել նախորդ երկու սպանության փորձերից երկրորդից հետո: Նրան դանակահարել էին Նանտի կենտրոնում՝ 2021 թվականի մարտին: Այդ գործով ձերբակալվել էր չորս տղամարդ, որոնցից երեքը ծնունդով Ադրբեջանից էին, մեկը՝ Վրաստանից: Նրանք մեղադրվել են «կազմակերպված հանցախմբի կողմից սպանության փորձի» համար։
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը Ֆրանսիայի և Ադրբեջանի կառավարություններին կոչ է արել ամենաբարձր մակարդակով դիտարկել Միրզալիի մահափորձի այս վերջին ակնհայտ փորձը Ֆրանսիայի տարածքում:
Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, որն անողոքաբար ճնշում է խոսքի և մամուլի ազատությունը հանրապետությունում, հերքել է իր մասնակցությունը Միրզալիի մահափորձերին: Այնուամենայնիվ, Ալիևի կողմնակիցները Ֆրանսիայում բլոգերին դատի են տվել, իսկ անցյալ շաբաթ Ֆրանսիայի դատարանն անընդունելի է ճանաչել զրպարտության մասին հայցը, որն Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին փոխնախարարը ներկայացրել էր Միրզալիի դեմ: