Արմավիրում կան սեփական եկամուտների հավաքագրման վատ ցուցանիշ ունեցող համայնքներ: Խնդիրը, պարզվում է, խոշորացումից հետո դեռևս չավարտված կազմակերպչական աշխատանքներն են: Մարզպետը զգուշացրեց՝ եթե իրավիճակը չշտկվի, տվյալ համայնքները կզրկվեն սուբվենցիոն ծրագրերից:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Եթե համայնքը չունի բավարար միջոցներ, հետևաբար մենք շատ ավելի քիչ հնարավորություն կունենանք սուբվենցիաներ նախատեսել, քան հակառակ պարագայում: Իսկ ընտրության դեպքում ո՞ւմ պետք է առավելություն տանք. այն համայնքին, որտեղ ցուցանիշներն ավելի լավ են:
Միայն անցած տարի մարզում ավելի քան 60 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Բացառությամբ մի քանիսի, որոնք վերջնական փուլում են, ծրագրերը հիմնականում ավարտվել են: Մնում է ավարտական ակտերի փաստաթղթավորումն էլ վերջացնեն, ու մեկ-երկու շաբաթից կանցնեն 2022-ի ծրագրերի կատարմանը: Դրանք ավելին են, քան նախորդ տարվանը:
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Մեկնարկայինը Ոսկեհատի մանկապարտեզն է, Վաղարշապատի մայթերի սալարկումը, Արմավիրի ասֆատապատման ծրագրերը, դրանց մրցույթները հայտարարված են, և մոտ օրերս կսկսեն շինաշխատանքները:
Կառավարության հավանությանն արժանացած մյուս ծրագրերի վերաբերյալ որոշակի դիտողություններ են արվել: Մրցույթը կհայտարարեն թերությունները շտկելուց հետո: Համայնքների ղեկավարներին հուզում է նաև աղբահանության վճարի արդյունավետ կազմակերպման հարցը: Փարաքարի ղեկավարությունն առաջարկեց օրենքում ամրագրած՝ ամսական իքս գումար ձևակերպումը փոխարինել տարեկան իքս գումարով, իսկ գումարի չափը թողնել ավագանու որոշմանը:
Գոռ Սարիբեկյան (Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ) - Դրա նպատակը այն է, որ հսկողությունն ավելի արդյունավետ է դառնում, գանձվելիք գումարի չափը լինում է ֆիքսված: Բացի դրանից, բոլոր համայնքներում, որտեղ գրանցված են իքս թվով քաղաքացիներ, օրենքում նշված լինի՝ գրանցվածների՞, թե՞ փաստացի ապրողների մասին է խոսքը:
Թեև մարզում գյուղմթերքի իրացման 4 մեծածախ և 3 մանրածախ շուկա կա, կա նաև միրգ-բանջարեղեն գնող 7 և խաղող մթերող 12 ընկերություն, բերքի իրացման խնդիրը մնում է օրակարգային: Բարդ իրավիճակում են հայտնվել հատկապես խաղողագործները: Գործարանները պատրաստ են նրանցից գնել մինչև 60 հազար տոննա խաղող, բայց իրենք շատ ավելի են ստանում:
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Առաջարկել ենք համայնքների ղեկավարներին, որ ըստ բնակավայրերի ներկայացնեն տեղեկատվություն մինչև հունիսի 16-ը, թե ամեն հողօգտագործող խաղողի քանակի հետ կապված ի՛նչ խնդիր ունի:
Հստակեցնելուց հետո տեղեկատվությունը կփոխանցեն էկոնոմիկայի նախարարություն: Հույս ունեն՝ խնդրի լուծումը կգոհացնի թե՛ արտադրողին, թե՛ մթերողին: