Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայում են։ Նրանց է միացել նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը. 4 երկրի առաջնորդները հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ, հավատացրել՝ հանդես են գալիս Կիևին անհապաղ ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու օգտին։
Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան Կիևին ևս վեց «Cesar» հրետանային համակարգ կտրամադրի։ Եվրոպական երկրները նաև սկսել են ֆինանսական միջոցներ հատկացնել Ուկրաինայի վերակառուցման համար։
«Եվրոպան Կիևին չի ստիպի պատերազմի դադարեցման դիմաց տարածքային զիջումների գնալ, Ուկրաինայի կողքին կլինենք, մինչև նա չհաղթի»,- վստահեցրել է նա;
Շոլցն, իր հերթին, ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային ֆինանսական, հումանիտար, ինչպես նաև ռազմական աջակցությունը։
«Մեծ նշանակություն ունեն նաև հակառուսական պատժամիջոցները: Դրանք կարող են ստիպել Ռուսաստանին հետ քաշել իր զորքերը»,- համոզմունք է հայտնել կանցլերը։
Հանդիպման ընթացքում ուկրաինական կողմը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է մշակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, որը կներառի նաև ռուսական գազի էմբարգո։
ՄԵԴԻՆՍԿԻՆ ԿԻԵՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ռուսաստանի նախագահի օգնականը Կիևին մեղադրել է բանակցային գործընթացի սառեցման համար: Վլադիմիր Մեդինսկին համոզմունք է հայտնել, որ դա տեղի է ունեցել Պենտագոնի և Պետքարտուղարության ղեկավարների` Կիև այցից հետո։
«Քննարկումներն ընդհատվեցին, երբ բանակցային խմբերն արդեն համաձայնեցրել էին հնարավոր խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ 75%-ը»,- մանրամասնել է նա:
Մեդինսկու խոսքով՝ Ուկրաինան դեռևս չի արձագանքել իրավիճակի կարգավորման վերաբերյալ Կրեմլի առաջարկներին։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԽԱԽՏԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ. ՏՈԿԱԵՎ
Ղազախստանը չպետք է խախտի Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները՝ հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Մենք ազդանշաններ ենք ստանում, որ Արևմուտքը մեր տնտեսության նկատմամբ երկրորդական պատժամիջոցներ կկիրառի. իսկ Մոսկվայի հետ գործակցությունը շարունակվում ենք` առանց այդ պատժամիջոցները խախտելու», - նշել է երկրի ղեկավարը:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին դեմ է արտահայտվել Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանի համոզմամբ՝ այդ սահմանափակումները մեծ վնաս են հասցնում ԵՄ անդամներին։ 44 եվրոպացի պատգամավորների ուղղված նամակում նա զգուշացրել է, որ թույլ չի տա աղքատացնել հունգարացի ժողովրդին: Օրբանը, այնուհանդերձ, դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և կոչ արել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ. ԿՈՉ ԱՆԿԱՐԱՅԻՆ
Մոսկվան հորդորել է Անկարային հրաժարվել Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողություն իրականացնելու գաղափարից՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը:
«Գործողության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Մենք ասել ենք մեր թուրք ընկերներին, որ դա կարող է հանգեցնել էսկալացիայի»,- զգուշացրել է նա։
Լավրենտիևի համոզմամբ՝ Սիրիայում ռազմական գործողությունը չի լուծի Թուրքիայի ազգային անվտանգության խնդիրները։
«Դա հնարավոր կլինի, երբ Սիրիայի սահմաներին տեղակայվեն հենց սիրիական կառավարական ուժերը: Ցավոք, այնտեղ դեռ հիմնականում քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն են»,- նշել է նա։
Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով 18-րդ միջազգային հանդիպման արդյունքներով` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, դատապարտել Իսրայելի ռազմական հարձակումները և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչը հանգեցնում է քաղաքացիական զոհերի: