Հայազգի գիտնական, առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը հունիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Արդեմ Փաթափությանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Արդեմ Փաթափությանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ նշելով, որ այստեղ նա տեսել է նաև իր ընտանիքի պատմությունը, որը Ցեղասպանության տարիներին ևս ենթարկվել էր բռնագաղթի:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Էդիտա Գզոյանը հայազգի գիտնականին է նվիրել վերջերս լույս տեսած «Հալեպի փրկության տուն. Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1464 վկայություն» գիրքը:
Այցի ավարտին Արդեմ Փաթափությանը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի: