Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից:
Հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:
Նախանշելով համագործակցության խթանման ուղիները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով շարունակելու երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:
Նախագահ Ռայիսին կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին և ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:
Հայկական կողմը մեծապես կարևորում է էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը: «Պետք է նշեմ նաև, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահն Իրանի նախագահին է ներկայացրել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված հետպատերազմյան իրավիճակը, հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պահպանության հարցը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է արժեքավոր ժառանգությունը, և Իրանը կարող է օրինակ ծառայել Ադրբեջանին այս հարցում:
Հանդիպմանը կարևորվել են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետևողական ջանքերը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխհամագործակցությունը զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում: Ուրախ օրերին յուրաքանչյուրը կարող է լինել յուրաքանչյուրի կողքին, բայց իրական ընկերությունն ու բարեկամությունը ցուցաբերվում են դժվարությունների ժամանակ»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:
ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները և Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
Ալեն Սիմոնյանը նաև տեղեկացրել է նախագահին, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստան-Իրան օրակարգի համատեղ աշխատանքների իրականացմանն առնչվող օրենսդրության պարզեցման մասով:
Նախագահը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին՝ Հայաստանի հետ առավել սերտ կապերի հաստատման գործում ելակետային առաջարկություններ ներկայացնելու համար: