Գործադիրը վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը: Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել: Եթե գործատուն ցանկանում է աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձի, ըստ կարիքի, պետությունը կփոխհատուցի աշխատատեղի հարմարեցման, ուղեկցողի և տրանսպորտային ծախսերը:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Նախկինում կար զբաղվածության ծրագիր, բայց այս փորձնական մոդելով փորձում ենք ավելի հեշտացնել, պարզեցնել և հավելյալ ծառայություն մտցնել: Նախկինում չկար տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, ուղեկցողի գումարը բավականին ցածր էր, խոսքը 34 հազարի մասին էր, այս դեպքում առաջարկում ենք ուղեկցողի գումարը նվազագույն աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ:
Սահմանափակ կարողություններով անձանց տնից աշխատատեղ հասնելու տրանսպորտային ծախսերը պետությունը կփոխհատուցի 1 տարի ժամկետով՝ ամսական առավելագույնը 100 հազար դրամ: Աշխատատեղի հարմարեցման նպատակով ինչպես նախկինում, հիմա էլ՝ գործատուին կտրամադրվի մինչև 500 հազար դրամ փոխհատուցում:
Սուրեն Մաղաքյան («Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ) - Կարևոր է, սկզբից դրվում է որպես միջոցառում, փորձնական, և հետո՝ մոնիթորինգից հետո, ինչքան կաշխատի, կանցնի որպես պետական նպատակային ծրագիր: Առաջարկությունս կլինի, որ լինի ոչ թե մինչև 24 թվականը, ավելի երկար լինի, որովհետև այս ոլորտում գործողությունների էֆեկտը տեսնելու համար մի քիչ երկար ժամանակ է պահանջվում:
Տեսողության կամ հենաշարժական խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման ծրագրում հավելյալ ծառայությունների ներառման նպատակն է հեշտացնել մարդկանց ինտեգրումը հասարակական կյանքին, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ակտիվ մասնակցությունը:
Ռուբեն Սարգսյան - Բոլոր զբաղվածության ծրագրերը իրականացնում ենք մոնիթորինգ, արդյունքում պարզվել է, որ ուղեկցողի գումարը՝ 34 հազար դրամ, հիմնականում ծախսվել է վարորդի համար, հիմա փորձում ենք հեշտացնել աշխատանքի գնալ:
«Ագաթ» հասարակական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 հազար անձ: Գործազուրկ է նրանց 90 տոկոսից ավելին: Շիրակի մարզում բնակվում է հաշմանդամություն ունեցող 19 հազար քաղաքացի, շատերն ունեն զբաղվածության խնդիր: Այս կենտրոնում աշխատում է հաշմանդամություն ունեցող 7 անձ:
Ռոզա Ավագյան («Ագաթ» ՀԿ մշտադիտարկման, գնահատման, ժեստերի լեզվի մասնագետ) - Համագործակցելով զբաղվածության տարածքային գործակալության հետ՝ աշխատանքի ենք ընդունել տարբեր անձանց, իրականացրել ենք հարմարեցումներ, աշխատավարձի փոխհատուցման ծրագրին ենք մասնակցել, նաև՝ խելամիտ հարմարեցման: Կարևորում ենք, որ իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարձրացվի, որ ներգրավենք աշխատանքի շուկայում:
Քրիստինե Կիրակոսյան («Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի փոխօգնության համակարգող) - Երբ գործատուն որոշում է հաշմանդամություն ունեցող անձին վերցնել աշխատանքի, մեկ կարևոր փաստ է բաց թողնում՝ մատչելիության փակ լինելը, երբ բախվում ես, հետ ես մղվում:
Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ ծրագրի պահանջարկը կա:
Պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունելիս գործատուները պետական աջակցության ծրագրերին հաճախ չեն էլ դիմում, ստեղծում են աշխատատեղ, հոգում ծախսերը: Ըստ նախարարի տեղակալի՝ վերջին շտկումներից հետո նախագիծը կներկայացվի Կառավարության քննարկմանը: