Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Անի Մխիթարյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են գործակցության հուշագիր:
Նպատակը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության և արդարադատության մատչելիության բարձրացումն է, դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն և բարեվարքությանն առնչվող հարցերի վերաբերյալ գիտելիքների ամրապնդումը:
Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ այդ երկրի Ազգային դատարանների վարչության ներկայացուցիչները կսկսեն վերապատրաստումների ծրագիր գործող դատավորների, թեկնածուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Գագիկ Ջհանգիրյան (ԲԴԽ նախագահի պաշտոնակատար) - Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում է, որ դատավորների թեկնածուների մրցույթները, կարգապահական վարույթների քննությունները լինեն բաց և թափանցիկ, որպեսզի հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն մասնակից զգա այդ գործընթացներին։
Այստեղ շատ կարևոր է, սակայն, որ ոչ միայն Խորհրդի գործունեությունը լինի թափանցիկ, այլև դատավորների կողմից կայացված ակտերը լինեն հանրության համար մատչելի, ընկալելի: Մենք շատ ենք ցանկանում, որ մեր քաղաքացիները կասկածներ կամ անվստահություն չունենան թե՛ դատավորների, թե՛ նրանց կայացրած ակտերի արդարության, պատճառաբանվածության վերաբերյալ: Այդ տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագրի իրագործումը: