Հայաստանում աղի արտադրության ծավալը նվազել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ 2022-ի հունվար-ապրիլին արտադրվել է 7328 տոննա կերակրի աղ, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 12 հազար (12,076.4 հազար) տոննա: Տեղական արտադրանքի ծավալը նվազել է մոտ 39 տոկոսով: Շուկայի շարժն ուսումնասիրել է Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրենը:
Արեգ Ղուկասյան (Ավանի աղի կոմբինատի գլխավոր տնօրեն) - Ուսումնասիրությունները բերեցին շատ տխուր եզրահանգումների՝ պարզվեց, որ Հայաստան վերջին տարիներին ահռելի քանակությամբ արդյունաբերական աղ է ներկրվում: Արդյունաբերական աղը կերակրի համար պիտանի չի և չի կարելի օգտագործել կերակրի մեջ:
Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ 2021-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 14,5 հազար տոննա աղ և նատրիումի քլորիդ: Արեգ Ղուկասյանը վստահ է՝ ներկրվածի 7-10 հազար տոննան արդյունաբերական աղ է, որը պետք է օգտագործվի քիմիական արդյունաբերությունում: Տարբեր մարմիններին Ղուկասյանի հարցումները, թե ո՛ր ընկերություններն են գնում արդյունաբերական աղը, անպատասխան են: Ներկրելուց հետո այն վաճառվում է հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, որից հետո այլևս հնարավոր չէ պարզել գնորդին: Ղուկասյանը չի բացառում, որ արդյունաբերականը փաթեթավորվում և վաճառվում է որպես կերակրի աղ: Այլապես ինչու պետք է նվազեր Հայաստանում աղ արտադրող միակ խոշոր կոմբինատի արտադրության ծավալը: Վստահ է՝ արդյունաբերական աղը, առանց համապատասխան ստուգման, օգտագործվում է նաև սննդի արտադրությունում:
Արեգ Ղուկասյան - Ես առավել քան համոզված եմ, քանի որ համը նրա աղի համ ա: Ոչ բոլոր աղ օգտագործողներն են տեղեկացված, թե կա արդյունաբերական աղ, կերակրի աղ, քանի որ մի քիչ էլ էժան են վաճառում այդ աղը, օգտագործում են:
Ներկրված արդյունաբերական աղը պարունակում է հեքսացիանաֆեռատ, որի թույլատրելի սահմանը 1 կգ-ում 1 մգ է: 2019-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում վաճառվող փաթեթավորված կերակրի աղում հայտնաբերել էր կալիումի ֆեռոցիանիդի գերազանցող քանակ: Կալիումի ֆեռոցիանիդն ու հեքսացիանաֆեռատը, ըստ էության, նույն նյութերն են և մակնշվում են որպես E536 սննդային հավելում, որն աղին ավելացնելով՝ այն դարձնում է սորուն, սպիտակ և առանց գնդիկների:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Արձանագրել ենք կալիումի ֆեռոցիանիդի պարունակության գերազանցում, տվյալ խմբաքանակները կասեցվել են կամ օգտահանվել ու ոչնչացվել:
Ներկրվող արդյունաբերական աղը ՍԱՏՄ ստուգման իրավասությունից դուրս է՝ ասում է Վահե Դանիելյանը: Սահմանին ստուգվում է միայն կերակրի աղը: Պարտադիր պահանջ է, որ Հայաստանում իրացվող աղը պետք է լինի յոդացված: ՍԱՏՄ-ն տարեկան մոտ 250 նմուշառում է անում: Սպառողի առողջության նպատակով տեղական արտադրությունում E536 հավելում չի օգտագործվում: Որ ներկրված արդյունաբերական աղի շարժն ու որակը վերահսկվեն, Ավանի աղի կոմբինատի տնօրենն իր առաջարկն ունի:
Արեգ Ղուկասյան - Պետք է թույլ չտալ, որ արդյունաբերական աղը, որը ներկրվում ա Հայաստան մեծ քանակություններով, վաճառել հաշվիչ դրամարկղի մեքենաներով: Դա պետք է վաճառվի հաշիվ ապրանքագրերով:
Այս դեպքում հնարավոր կլինի նաև հասկանալ, որ սննդամթերքում ի՛նչ աղ է օգտագործվել: Հայաստանում արդյունաբերական աղ ևս արտադրվում է, սակայն առանց E536 սննդային հավելումի: