Կապկի ծաղիկ վարակիչ հիվանդությունը մոտեցել է Հայաստանի սահմաններին: Հարևան Վրաստանում հիվանդության առաջին դեպքն է գրանցվել: Ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ դեպքը բերովի է: Թե հատկապես որ երկրից` չեն մանրամասնել: Հունիսի 15-ի դրությամբ աշխարհում կապկի ծաղիկով վարակվածների թիվը 1704 է: Հիվանդությունը հաստատվել է արդեն 34 երկրում, հիմնականում՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում: Վրաստանում ևս այդ օրինաչափությունը պահպանվել է:
Մեր երկրի առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ եթե կապկի ծաղիկը թափանցի Հայաստան, արձագանքելու միջոցառումների պլան ունեն:
Լուսինե Պարոնյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Մենք համագործակցում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանի անցման կետերում իրականացնում են հսկողություն, և նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար:
Կապկի ծաղիկը հենց ջերմությամբ էլ սկսվում է՝ 38.5 աստիճան և բարձր: Մինչև 3 օրվա ընթացքում նաև հայտնվում է ցան, բորբոքվում են ավշային հանգույցները: Մասնագետներին հուսադրում է, որ հիվանդության բոլոր դեպքերը եղել են ախտանշաններով, ի տարբերություն, օրինակ, քովիդի, որը կարող է չդրսևորվել, բայց մարդը վարակված ու վարակ փոխանցող լինի:
Լուսինե Պարոնյան - Հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների, նաև այդ կաթիլներով և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով: Եվ դրա համար անհրաժեշտ է սերտ շփում, այդ թվում՝ սեռական շփումը:
Վիրուսը ի հայտ է եկել Աֆրիկայում՝ կապիկների շրջանում: Նախկինում մարդկանց փոխանցվել է կենդանիներից: Հիմա ամբողջ աշխարհի հանրային առողջության պատասխանատուները անհանգստացած են, որովհետև վարակը սկսել է փոխանցվել մարդուց մարդուն:
Հիվանդությունը տևում է երկու շաբաթ, մինչև ցանի վրա առաջացած բոլոր կեղևները ընկնեն և նոր մաշկ առաջանա: Այդ ընթացքում մարդը համարվում է վարակիչ ու պետք է մեկուսացված լինի: Կապկի ծաղիկ առաջացնող երկու խմբի վարակ կա: Աշխարհում բռնկման պատճառ դարձած վիրուսը համեմատաբար թեթև ընթացք է ունենում: Մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել:
Ռիսկի խմբում իմուն համակարգի խնդիրներ ունեցողներն են: Կապկի ծաղկով վարակվելուց կարելի է խուսափել՝ զերծ մնալով հիվանդի հետ սերտ շփումներից: Բնական ծաղկի պատվաստանյութը ևս կանխարգելում է:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - 85 տոկոս արդյունավետություն են դրսևորում ոչ միայն կապկի ծաղկի, այլ նաև օրտոպոքս վիրուսներով հարուցված բոլոր հիվանդությունների նկատմամբ: Ներկայում, սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ առաջարկություն չի ներկայացնում երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնել այս փուլում: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են այդ առաջարկները փոփոխվել:
Բնական ծաղկի դեմ պատվաստանյութ արտադրողներ աշխարհում կան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նրանց հետ ակտիվ բանակցում է՝ երկրներին հարկ եղած դեպքում անհրաժեշտ քանակով ապահովելու համար:
Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, բնական ծաղկի դեմ արդեն մի քանի տասնամյակ պատվաստումներ չեն արվել, որովհետև ժամանակին այդ նույն պատվաստումների շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել վարակը, իսկ պատվաստման անհրաժեշտությունն էլ վերացել է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան