Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանով այսօր ավարտվեց հերթական նստաշրջանը: Ընդդիմությունը դարձյալ ներկա չէր, իսկ հարց տալու համար հերթագրվել էր 4 պատգամավոր:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբի համեմատ 12-13 տոկոսով, իսկ 2021 թվականի համեմատ մոտ 20 տոկոսով արժևորվել է:
Բաբկեն Թունյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Այլ հարց է, թե ինչքանո՛վ է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև: Ես հասկանում եմ ձեր հարցը, որովհետև իրոք չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս և նույնիսկ բյուջեում, բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո՛, սա արժևորված փոխարժեք է, և եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ-ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով:
Թունյանը նշեց՝ այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն զարգացումներին, և հետո, երբ փոխարժեքը չփոխվի, սակագնի վերանայման հնարավորությունը կքննարկվի:
Մհեր Գրիգորյան - Վստահաբար, եթե ես չեմ սխալվում, դա տարվա կտրվածքով է դիտարկվում` փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա, բայց նույնիսկ այստեղ մի հանգամանք էլ կա, որ, ի վերջո, նշանակություն կունենա նաև, թե ինչքանով է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել ոչ կոշտ արտարժույթով, և, կարծում եմ` համադրմամբ էս հարցին, անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ամիսներ առաջ ամբողջությամբ վերակառուցված Կապան-Տաթև ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածի ճանապարհածածկը ինչո՞ւ է գրեթե ամբողջությամբ քանդվել և դարձել ոչ երթևեկելի:
Արձագանքեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ երկրում ճանապարհի գլխավոր երկու պատասխանատու կա՝ պատվիրատուն` ի դեմս պետության, և շինարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Տաթև-Աղվանիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան, խնդիրները եկեք մի քանի մասի բաժանենք, մեկը այդ տարածքի կառուցվածքն է, խնդրում եմ՝ Սյունիքի մարզից մի քանի պատգամավոր կա, հարցրեք, տեսեք` ինչ բարդ ռելիեֆ է, ինչ կավային շերտ է, ինչ գրունտներ են և այլն, այսինքն` կան օբյեկտիվ պատճառներ: Երկրորդը՝ երեք կտորներից մեկը ավելի վաղ է նախատեսված եղել, և սկսվել է շինարարություն, նախատեսված չի եղել ծանր բեռնատարների համար, նախատեսված է եղել երկու շերտ և ոչ թե երեք շերտ, և այսպես շարունակ; Մյուս երկու կտորը կառուցվել է բավական արագ, կառուցվել է տրանսպորտային երթևեկությանը զուգահեռ, այդ ամբողջ ընթացքում նաև` և՛ եղանակային պայմաններ, և՛ ծանր մեքենաների առկայություն և այլն: Այդ ամբողջը հասկանալով` աշխատանքներն ավարտական տեսքի չեն բերվել: Այսինքն` վերջին շերտը չի տեղադրվել, դրանց համար ընկերությունները չեն վճարվել:
Սանոսյանը անդրադարձավ լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե դրա համար միլիարդներ են հատկացվել:
Գնել Սանոսյան - Միլիարդներ տվողը մենք ենք՝ մենք չենք տվել, էդ միլիարդները ո՛վ է տվել, որ հնչեցնում են: Չենք տվել, որովհետև աշխատանքը չի ավարտվել, էս թեման էնքան է քննարկվում, այո՛, բոլորիս խնդիրն է, բարդ ձորակ է, բարդ ռելիեֆ է, կավային շերտ է, 2 մետր ամբողջ շերտը հանելու խնդիր կա, և հիմա մարդիկ հոժարակամ, շինարարները, ես շնորհակալություն պետք է հայտնեմ նաև էդ շինարարական ընկերություններին, գնացել, անում են էդ աշխատանքը: Իհարկե, դժվարություններ կան մեր համաքաղաքացիների համար, վարորդների համար, բայց բոլորիս խնդիրն է: Հիմա թերությունները վերացնելով գնում են, երկու ընկերության հատվածը միասին մոտ 1 կմ է մնացել, ամբողջությամբ կավարտեն, թերությունները կշտկեն և երրորդ շերտը կասֆալտապատեն:
Լենա Նազարյանի հարցը ևս Գնել Սանոսյանին էր ուղղված: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այն համայնքներում, որտեղ ջրի խնդիր կա, խոշորացումից հետո լուծվո՞ւմ է: Ի պատասխան նախարարն ասաց, որ երկրի բնակավայրերի մի մասը գտնվում է «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում, և այդտեղ պատկերը բավական բարվոք է:
Գնել Սանոսյան - Մենք, այո՛, այս խնդրին առնչվելով` բազմաթիվ համայնքներում և՛ պետական, և՛ սուբվենցիոն ծրագրերով իրականացնում ենք խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր: Նույն 21 թվականին, տեսեք, մեկ հետաքրքիր թիվ ասեմ, 21 թվականին Հայաստանի 95 բնակավայրում իրականացվել են խմելու ջրագծեր անցկացնելու ծրագրեր, դա, եթե թվերով ասենք, Հայաստանի բնակավայրերի առնվազն 10 տոկոսն է, և այս տեմպը կա վերջին մի քանի տարիներին, ու այսպես շարունակելու դեպքում, կարծում եմ, մենք բավական արագ այս խնդրից կձերբազատվենք, և, այո՛, համայնքների խոշորացումը մեծ հնարավորություններ է տվել, համայնքները ավելի լայնածավալ ծրագրերով են դիմում իրենց բնակավայրերի խմելու ջրի հարցը կարգավորելու ուղղությամբ:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը «Հայկական ավիաուղիներ» լուծարված կազմակերպության հաշմանդամություն ունեցող օդաչուների խնդրի մասին խոսեց, որոնց իրավունքները 15 տարի է` ոտնահարված են, նշեց, որ կազմակերպության լուծարումից հետո վնասի ամենամսյա հատուցում չեն ստացել օդաչուները:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ի պատասխան նշեց՝ խնդրով զբաղվել են և սերտորեն համագործակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Նաև արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Եվ այդ մասին գիտեն նաև օդաչուները, ովքեր ունեն այդ խնդիրը: Մենք իրենց էլ ենք հայտնել, որ գործընթացի մեջ ենք, ընդ որում` պրոցեդուրաներն էնպես են, որ իրենց շահերից ելնող որոշակի քայլեր արդեն արվել են Կառավարության կողմից:
Ամփոփելով թեման` նախարարը նշեց՝ սա նախկինից ժառանգված այն հարցերից մեկն է, որի լուծումը Կառավարությունը կփորձի տալ:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան