Ծննդատան բակում անհանգիստ ու անհամբեր՝ փոքրիկի ծնվելու լուրին սպասող հարազատների, հատկապես հայրերի համար հայկական ընկերությունը մշակել է երեխաների ծնունդի «չվատախտակի» կոնցեպտ:
Ու այսպես օնլայն ռեժիմով հենց սպասասրահում հարազատները կարող են տեղեկանալ նորածնի սեռի, քաշի ու հասակի մասին: Կարեն Բաբաջանյանի ընտանիքում վերջերս երկրորդ բալիկը ծնվեց, գաղափարն էլ առաջացավ հենց այդ ժամանակ:
Կարեն Բաբաջանյան (Braind ընկերության համահիմնադիր, բրենդինգի տնօրեն) - Դու սպասում ես, շատ դեպքերում մայրը այդ պահին չի կարողանում հեռախոսով, SMS-ով գրի ծննդի հետ կապված, կամ փորձում ես ինչ-որ այլ խողովակներով ընդունարանում ճշտել, և այս լարվածությունը, հասկացա, որ հնարավոր է լրացնել հենց նմանատիպ համակարգ ունենալով:
Ընկերությունը գաղափարը վիզուալիզացրեց, հիմա բաց են մասնագիտական քննարկումների ու առաջարկների համար:
Կարեն Բաբաջանյան - Երբ բալիկը ծնվում է, առաջին գործողությունը, երբ որ հայրը բարձրանում է վերև, թղթի վրա գրում է, ինչ-որ մեկը գրում է, երբ բալիկի ձեռքի վրա գրում են: Պատկերացրեք այդ գործողությանը զուգահեռ 2-3 թիվ է լրացնելու, որը երևալու է ցուցանակի վրա:
Միջազգային փորձի ուսումնասիրություն ևս արվել է:
Կարեն Բաբաջանյան - Ինչքան որ փորձել ենք ուսումնասիրել նման բացվածքով և նման լուծմամբ, այս պահի դրությամբ չենք գտել, թեև կան տարբերակներ, որտեղ ավելի սահմանափակ ձևով ինֆորմացիա է տրամադրվում՝ չբացառելով, որ աշխարհում կլինեն երկրներ, որոնք եկել են էս լուծման:
Ընկերությունում համոզված են՝ ֆունկցիոնալ առումով հետաքրքիր գործիք է մշակվել, որը կիրառելու դեպքում հիվանդանոցի ամենապոզիտիվ բաժնում տիրող սպասման հուզական ֆոնն ավելի կառավարելի կդառնա: