Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու են մնալ ՀՀ Կառավարության առաջնահերթությունների թվում:
Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը և նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում:
Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և բարձր գնահատել 2021 թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի խնդրանքով վարչապետն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: