«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Արթուր Հովհաննիսյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել:
Այս հարցի շուրջ ՔՊ-ական պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, վերջնական որոշում դեռ չկա՝ նշեց Հովհաննիսյանը, հաստատեց՝ քննարկում են նաև ընդդիմադիրներին վարչական պաշտոններից և Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների պաշտոններից հեռացնելու հարցը։ Այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մեջբերեց տնտեսական հարցերի հանձնաժողովի օրինակը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է:
Ծովինար Վարդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Արդեն որերորդ նիստն ենք անում առանց հանձնաժողովի նախագահի։ Կարող եմ մինչև այդ էլ նշել, որ այսպես ասած «Կանոնակարգի» գիտելիքի հետ կապված խնդիրներ են եղել տվյալ անձի կողմից, բայց նաև ուզում եմ ասել, որ արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի, կարծես որևէ հետաքրքրություն չկա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՄԻՇՏ ԴԻՏԱՐԿՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
ՔՊ-ական պատգամավորներն անդրադարձան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դրվում էր Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը:
Արուսյակ Ջուլհակյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Արցախյան հարցն ի սկզբանե և միշտ Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց: Արցախն ինչո՞ւ է որոշել ինքնորոշվել, ուղղակի ինքնանպատակ որոշել է, որ պետք է ինքնորոշվի՞։ Ո՛չ, ինչ-որ պահից սկսած արցախահայությունն սկսել է իրեն անվտանգ չզգալ, իր կենսական իրավունքը պաշտպանելու համար ստիպված է եղել գնալ ինքնորոշման ճանապարհով։ Ոչինչ ըստ էության չի փոխվել` ի սկզբանե Արցախի հարցը ծագել է որպես արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության հարց, և հիմա շարունակում է այն լինել:
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ այս ելույթներով փորձում են փակել այն ճեղքը, որը կա հանրության և բանակցային ամբողջ գործընթացի միջև։
Արթուր Հովհաննիսյան - Հանրությունն ըստ էության տեղեկացված չի եղել բանակցային պրոցեսներից, և առաջ շարժվելու համար, ավելի լավ պատկերացնելու համար և համախմբվելու համար խաղաղության օրակարգի շուրջ, ամենակարևոր նյուանսը սա է, որ բոլորս պետք է իմանանք՝ ինչ է կատարվել Արցախի հարցի շուրջ, ինչ է կատարվում և ինչ ճանապարհով ենք մենք շարժվում:
Հարցին՝ խաղաղության գործընթացին խանգարելո՞ւ է, եթե ամրագրենք` Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, Հովհաննիսյանը պատասխանեց.
Արթուր Հովհաննիսյան - Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը, իսկ վերջինիս պայմանավորվածություններն ավարտվել են 2018-ին, երբ նա հայտարարեց, թե հայտնվել ենք այն իրավիճակում, երբ պատերազմն անխուսափելի է: Հիմա բանակցություններում կան հստակ ֆիքսված սկզբունքներ, որոնք այն ժամանակվա ՀՀ իշխանությունները ընդունել են որպես բանակցային հիմք, և մենք չէինք կարող այս ամեն ինչի հետ հաշվի չնստել ժամանակին:
Իշխանությունը շարժվում է Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով. ընդգծեց Հովհաննիսյանը, հավելելով՝ հենց սրա շուրջ են ընթանում բանակցությունները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան