Արցախի կապի միակ օպերատորը 10 միլիոն դոլարի ներդրում է կատարել: Ներդրումները հնարավորություն են տալիս դիմակայելու ադրբեջանական սադրանքներին ու ապահովելու կապի և համացանցի հասանելիություն:
Մխիթար Միրզոյան («Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն) - Ներկա պահին մեր բնակչության մոտ 90 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու 4G ցանցից: Առաջին փուլն է ավարտվել, ու երկրորդ փուլով նախատեսում ենք ապահովել 100 տոկոս ու մեր հիմնական մայրուղիները: Այսինքն՝ Ստեփանակերտը շրջկենտրոններին և Հայաստանի հետ կապող ճանապարհները:
«Ղարաբաղ տելեկոմի» տեխնիկական վերազինումն իրականացվել է նորագույն սարքավորումներով՝ վստահեցնում է գլխավոր տնօրենը: Չորրորդ սերնդի շարժական համացանցը հնարավոր կլինի կիրառել 20-ից ավելի կայանի վերագործարկմամբ: Իրականացման և սպասարկման բաժնի ղեկավարն ասում է՝ դրան զուգահեռ շարունակում են մանրաթելային կապ ապահովել շրջաններում:
Արտավազդ Կիրակոսյան («Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ իրականացման և սպասարկման ենթաբաժնի ղեկավար) - Ճարտարում, մասնավորապես, արդեն գործարկվել է: Տեղադրվել են արդեն համապատասխան սարքավորումները, մալուխների անցկացումը, և մարդիկ կարողանում են օգտվել այսպես կոչված ֆիքսված ցանցից, որը մարդկանց տներում տալիս է բարձր արագությամբ ինտերնետի հնարավորություն:
2020-ի պատերազմից հետո Արցախի կառավարությունը սուբսիդավորել է բնակիչ-բաժանորդներ կապի ծառայության դիմաց վճարները: Այժմ օպերատորը փորձում է համաքայլ շարժվել հայաստանյան օպերատորների հետ: Ի դեպ, հանվել է Հայաստանի տարածքում ռոումինգի վճարը:
Մխիթար Միրզոյան - Եթե մեր բաժանորդը բաժանորդագրվում է ինչ-որ սակագնային պլանի, Հայաստանի տարածքում կարող է օգտվել նույն սակագնային պլանից՝ առանց ռոումինգի: Այսինքն՝ մենք կամաց-կամաց վերացնում ենք ռոումինգ հասկացությունը:
Շարունակական ներդրումների արդյունքում «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը նախատեսում է տարեվերջին Արցախում գործարկել հինգերորդ սերնդի՝ 5G շարժական ցանց: