Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 16-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Ողջույնների փոխանակումից հետո կողմերը խոսել են մեր պետությունների միջև 30 տարվա դիվանագիտական հարաբերություններից, ինչը սկիզբ է դրել հայ-իրանական միջպետական համագործակցության զարգացման գործընթացին, որի հիմքը դեռևս հարյուրամյակներ առաջ էր ստեղծված:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր մեզ համար:
Նա երկուստեք կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ համաձայնելով, որ խորհրդարանների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տարբեր հարթակներում Հայաստանը, մշտապես հաշվի առնելով բարեկամ Իրանի շահերը, հնարավորինս աջակցել է նրա դիրքորոշմանը և ակնկալում է համապատասխան վերաբերմունք Իրանից՝ հավելելով, որ հայ-իրանական համագործակցությունը միշտ նպաստել և նպաստելու է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին ու չլուծված բազմաթիվ հումանիտար խնդիրներին, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցին:
«Կարծում եմ, որ Իրանի՝ բարեկամ պետության անաչառ մոտեցումը միջազգային և տարածաշրջանային հարթակներում շրջանառվող ադրբեջանամետ նախաձեռնությունների վերաբերյալ լուրջ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Իրանի հետ ռազմավարական երկխոսությունը և ակնկալվել դրա արդյունքում երկկողմ հարաբերությունների հնարավոր էական առաջընթացը բոլոր ուղղություններով:
Քննարկմանը կողմերը խոսել են ՀՀ Սյունիքի մարզում իրանական կողմից դրսևորվող ներդրումային հետաքրքրություններից:
Այս առումով ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը, ինչպես նաև, փոխադարձաբար, Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի և պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: