ՀԵԼՍԻՆԿԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ. ՄԱՐԻՆ
ԱՄՆ-ը չգիտի՝ որքան կտևի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները հուսով են, որ խոսքը շաբաթների կամ ամիսների, այլ ոչ տարիների մասին է՝ հայտարարել է դաշինքում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ:
«Մենք նաև պետք է արձագանքենք Թուրքիայի պահանջներին»,- նշել է Ջուլիանա Սմիթը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն էլ մտահոգություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության գործընթացը կարող է անհայտ ժամկետով փակուղի մտնել, եթե մինչև դաշինքի՝ Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք գագաթնաժողովը չհաջողվի Թուրքիայի հետ համաձայնության գալ։
«Հելսինկին լուրջ է վերաբերվում Անկարայի մտահոգություններին և մտադիր է վերացնել առկա թյուրըմբռնումները, սակայն Թուրքիան նույնպես պետք է փորձի լուծում գտնել»,- համոզմունք է հայտնել վարչապետը։
Անկարան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է դադարեցնել աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ինչպես նաև վերացնել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն:
ՌԴ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՍԻՐԻԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Ռուսաստանը աչք չի փակի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողության վրա՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի դիրքորոշման դիմաց՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
«Ուկրաինայում ռազմական գործողությունը չի խանգարում Ռուսաստանին՝ ուշադրության կենտրոնում պահել Սիրիայի շուրջ զարգացումները: Մոսկվան կշարունակի աջակցել սիրիացի ժողովրդին; Մեր կարծիքով՝ Սիրիայում հնարավոր նոր ռազմական գործողությունը անհիմն քայլ կլինի Անկարայի կողմից. այն կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, լարվածության սրման և զինված առճակատման նոր փուլի»,- ընդգծել է Ալեքսանդր Լավրենտևը։
Նա տեղեկացրել է՝ Ռուսաստանը Նուր-Սուլթանում, ուր արդեն ժամանել են սիրիական հարցի կարգավորման միջազգային հանդիպման բոլոր մասնակիցները, թուրք գործընկերներին կհորդորի առկա մտահոգությունները լուծել երկխոսության միջոցով: Լավրենտևն անընդունելի է որակել Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածները։ «Անընդունելի է նաև այն, որ Միացյալ Նահանգները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով շարունակում է իր անօրինական գործունեությունը Սիրիայի հյուսիս-արևելքում»,- եզրափակել է ռուս պաշտոնյան։
ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում ցավալի կորուստներ է կրել՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Սևերոդոնեցկում և մերձակա բոլոր քաղաքներում ու համայնքներում կատաղի մարտերը շարունակվում են. պատկերը նույնն է Խարկովի շրջանում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ուկրաինական կողմն ամեն օր կորցնում է շուրջ 100 զինվոր, վիրավորների թիվը հասնում է 500-ի։
Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինային հակահրթիռային պաշտպանության ժամանակակից միջոցներ տրամադրել: Նա նաև վստահեցրել է՝ Կիևը չի հրթիռակոծի Ռուսաստանի տարածքը, եթե հեռահար զենք ստանա։
ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ
ԱՄՆ վարչակազմն աշխատում է Ուկրաինայից երկաթուղով հացահատիկի արտահանման ուղղությամբ. նախատեսվում է սահմանային փոխադրման կետեր ստեղծել, այդ թվում՝ Լեհաստանում, քանի որ Սև ծովով արտահանումն անհնար է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Ֆիլադելֆիայում ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակին նվիրված ելույթում։
«Գործակցում ենք եվրոպացի գործընկերների հետ՝ Ուկրաինայում արգելափակված 20 միլիոն տոննա հացահատիկը շուկա դուրս բերելու և պարենային գները նվազեցնելու համար»,- մանրամասնել է Ջո Բայդենը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ պարենային ճգնաժամն աշխարհում ծագել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից առաջ, իսկ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներն ավելի են սրել իրավիճակը։
ԴԱՆԻԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԸ
Դանիան և Կանադան համաձայնագիր են ստորագրել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում 1,3 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Հանսի կղզու շուրջ տարածքային վեճը կարգավորելու մասին. կողմերը չէին կարողանում լուծել խնդիրը դեռ 1973 թվականից՝ հայտնել են Դանիայի արտաքին գործերի նախարարությունից։
«Հանսի կղզին կբաժանվի կանադական Նունավուտի և Դանիայի կազմում ինքնավար Գրենլանդիայի միջև»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ տարածքային վեճի շուրջ 50 տարվա ընթացքում երկրների միջև կոնֆլիկտային զարգացումներ չեն արձանագրվել, ավելին՝ Դանիան և Կանադան հումորով են մոտեցել ստեղծված իրավիճակին. դանիացի զինվորականները կղզի այցելությունների ժամանակ այնտեղ թողել են դանիական aquavit ազգային ալկոհոլային խմիչքի շշեր, իսկ կանադացիները՝ կանադական վիսկիի շշեր և «Բարի գալուստ Կանադա» գրությամբ ցուցանակ։