Ջրում աղ ուտող, ապա դարակներին հանգստացող պանիրները շուտով գնորդին կհասնեն։ Պիցցայի համար նախատեսված հալվող սուլուգունին լինի թե ավանդական չանախ-լոռին, Ազատան գյուղի այս արտադրամասում երկար չի մնում։ Սպառման խնդիր չունեն․ տեսականին վաճառում են և՛ տեղի, և՛ արտասահմանյան խանութներում՝ հպարտանում են շիրակցիները։
Աննա Հարությունյան («Իգիթ» ընկերության հաշվապահ-մարկետոլոգ) - Արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Վիետնամ, Դուբայ, Վրաստան:
Հայաստանից պանիր արտահանող ընկերությունների ցանկում «Իգիթն» ամենաբազմազան շուկա ունեցողն է՝ մոտակա Վրաստանից մինչև հեռավոր Նահանգներ, ԵԱՏՄ գործընկեր Ռուսաստանից մինչև լակտոզան դժվար մարսող Վիետնամ։ Կաթնամթերքը երկրից դուրս վաճառքի տանելը հեշտ գործ չէ․ ապրանքն ընդունող պետության սահմանած չափանիշներով պետք է ստուգում-սերտիֆիկացում անցնի, այդ պատճառով էլ մեր տնտեսվարողները սովորաբար մի ուղղության վրա են աշխատում՝ պարզաբանում են անհրաժեշտ թույլտվությունները տվող՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Մեսրոպ Գրիգորյան (ՀՀ ՍԱՏՄ Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի տեղակալ) - Մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, Վրաստանը, հետո՝ ԱՄՆ, բայց այս տարի նոր պետություններից միայն Կատարն է ավելացել՝ 25 կգ պանիր են արտահանել: Հուսանք ժամանակի ընթացքում կավելանա:
Այս շաբաթվա դրությամբ արդեն երկրից պանիր է արտահանել 30 ընկերություն։ Ամենախոշոր մատակարարումները՝ մոտ 155 և 112 տոննա քաշով, բաժին են ընկնում 2 կազմակերպության․ որ կաթ-վերամշակողը արտահանման ինչ ծավալ ունի` առևտրային գաղտնիք է, հրապարակել չի կարելի։ Պանրագործների վատատեսական կանխատեսումը, ի դեպ, իրականացել է․ նախորդ աշնանը, երբ ահազանգում էին, որ խոտի-անասնակերի պակասի պատճառով ստիպված են լինելու կովերին շատ մորթել, ինչը կրճատելու է կաթի քանակը, դա էլ պանիրը պակասեցնի, արդեն արտացոլվել է export-ի աղյուսակներում։ Այս տարվա առաջին 5 ամսվա ցուցանիշով Հայաստանից արտահանվող պանրի քանակը, բոլոր ուղղություներով, բացառությամբ Վիետնամի, նվազած է։
Մեսրոպ Գրիգորյան - Արտանահվել է 439 տոննա պանիր, որը պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անցած տարի արտահանվել է 897 տոննա, որը 51 տոկոսով պակաս է, կիսով չափ կրճատված է:
Պանրագործներն էլ՝ մյուս արտահանողների պես, այժմ անորոշության մեջ են, սպասողական վիճակում․ դոլար-դրամ ներկա փոխարժեքն ու Լարսում երկար հերթ կանգնելու հեռանկարը խառնել է բոլոր հաշվարկները։ Խնդիրների շարքում լավ է գոնե՝ կաթի համար տարին դեռ խոնավ է, խոտը՝ առատ։