Կյանքի պատասխանատու փուլի սկիզբ, որ դրվում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից. տղաները հայրենիքի զինվորներ են դառնում: Իսկ մինչև այդ ծաղիկներ են խոնարհում Արցախյան գոյամարտում զոհված և Սարդարապատի բարձունքում հանգչող ազատամարտիկների շիրիմներին:
Զինվորական համազգեստ դեռ չկրած՝ հասկանում են դրա պատիվը: Հայրենիքին ծառայելը ոչ միայն հոգու պարտք են համարում, այլև պատիվ ու պատասխանատվություն: Բանակ են գնում հպարտ, ուրախ, դժվարություններից չվախենալով:
Մուրադ Հունանյան (նորակոչիկ) - Դժվարությունը տղու համար է: Հպարտ ենք գնում, անտրամադիր լինելու ի՞նչ կա, գնում ենք՝ հետ գալու հեռանկարով:
Աշոտ Հովհաննիսյան (նորակոչիկ) - Բարձր տրամադրությոմբ գնում ենք պարտքը տանք, հետ գանք:
Զինակոչիկների շարքերում էին նաև բարեկամ եզդիների որդիները: Ալիկը մարտական ուղի անցած հարազատներից լսել է, որ բանակը նաև մարզված զինվորների կարիք ունի: Տարիներ առաջ սկսել է քիգբոքսինգով զբաղվել, որ ծառայության ընթացքում օգտագործի մարզավիճակը:
Հայոց զինուժի շարքերը համալրեցին նաև երիտասարդներ, որոնց մանկությունն ու պատանեկությունն անցել է օտար երկրներում: Նարեկը Ռուսաստանից է վերադարձել, Ալենը՝ Շվեդիայից: Երկուսն էլ մարտական են, երկուսն էլ՝ հանգիստ:
Նարեկ Սարգսյան (նորակոչիկ) - Ուզում էի, որ գայի, ծառայեի, ուզում էի Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում ծառայեի:
Հպարտության փայլ կար առաջին անգամ զինվորի հայր դարձածների աչքերում: Մինչև այսօր իրենց որդիներին հայրենիքն էր պաշտպանում, իսկ հիմա որդիներն են կանգնելու հայրենիքի թիկունքին:
Սամվել Գրիգորյան (նորակոչիկի հայր) - Աղոթենք, որ երկրին խաղաղություն լինի, խաղաղ ծառայեն, վերադառնան:
Զորահավաքի պատասխանատուն, որ պարբերաբար զրուցել է նորակոչիկների հետ, վստահ է՝ տղաները և՛ ուժեղ են, և՛ կամային: Այդուհանդերձ, խորհուրդ ունի նրանց:
Գագիկ Խաչատրյան (ՀՀ ԶՈՒ զորահավաքային և զորակոչային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման ղեկավար) - Ինչքան հնարավոր է՝ շուտ տիրապետեն զինվորական գործին, լսեն հրամանատարներին, և շատ հեշտ կանցնի ծառայությունը:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Իմ խնդրանք ու հորդորն է՝ ծառայության ընթացքում լինել աչալուրջ, միասնական ու համերաշխ, քանի որ բոլորիս միավորող գաղափարը մեր երկիրն ամուր ու անսասան պահելն է, մեր ժողովրդի համար խաղաղ ու բարօր կյանք ապահովելը:
Տղաներին բանակ ճանապարհեցին երգ ու պարով, առանց արցունքների: Մի մայր ասաց՝ արցունքներին ազատություն կտամ 2 տարի հետո՝ երջանկության համար: