Ազգային ժողովում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին։ Հայկական կողմը համաձայնել էր դրանք ընդունել որպես բանակցությունների հիմք։
«Դա տեղի ունեցավ, երբ Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետ էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր ու իշխող թիմի անդամ ու հենարան։
Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս և բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն։
Մադրիդյան սկզբունքներով սահմանվում էր, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պիտի որոշվի կողմերի, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված ժամկետներում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։
Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ այդ դեպքում ո՞ւր մնաց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած Անկախության հանրաքվեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքներով բացառվել է ԼՂ չլինելն Ադրբեջանի կազմում։
«Այդ սկզբունքներով Ադրբեջանը վետոյի իրավունք է ստացել ԼՂ ապագա կարգավիճակի որոշման հարցում, այսինքն՝ ուներ հնարավորություն իր համար ոչ ցանկալի որևէ կարգավիճակի ամրագրում թույլ չտալու համար, դա կարելի է ցույց տալ կոնկրետ օրինակով։ Մադրիդյան փաթեթներով նախատեսվում էր, որ ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում։ Ադրբեջանն ասում էր, որ հանրաքվեն պետք է տեղի ունենար ոչ շուտ, քան 50 տարի անց։ Հայաստանն ասում էր, թե համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշումների հետ․ հանրաքվեն պետք է տեղի ունենա 5 տարի անց։
Ադրբեջանն ասում էր, որ համաձայն չէ Հայաստանի դիրքորոշման հետ։ Սա նշանակում է, որ հանրաքվե տեղի չէր ունենա ո՛չ 5 տարի անց, ո՛չ էլ 50 տարի անց։ Այսինքն՝ ԼՂ-ն երբեք չէր ունենա վերջնական կարգավիճակ։ ԼՂ-ն երբեք չէր ունենա նաև միջանկյալ կարգավիճակ, որովհետ միջանկյալ կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Իսկ Ադրբեջանը չէր համաձայնում ԼՂ-ի այնպիսի միջանկյալ կարգավիճակի, որը հետագայում Ղարաբաղին կտար հնարավորություն լինել ոչ Ադրբեջանի կազմում»,- ասաց Փաշինյանը։