Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական պատվիրակությունը, որի կազմում են ոլորտային 9 ստարտափներ, ցուցահանդեսին մասնակցում են ARMENIA միասնական տաղավարի ներքո։ Մեծ ներուժ ունեցող ևս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում են որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։
Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:
VivaTech-2022-ի թվային հարթակը, որում ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է https://vivatechnology.com/ կայքում: Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Վերջիններս, հնարավոր փոխշահավետ համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել մեր ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:
VivaTech-ը հիմնադրվել է 2016 թվականին Publicis Groupe և Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին:
Ցուցահանդեսային առաջին երկու օրերը նախատեսված են ստարտափների, ներդրողների, ղեկավարների, ուսանողների և գիտնականների համար։ Երրորդ օրը այն բաց է լայն հանրության առջև։
VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչ հունիսի 18-ը։
VivaTech-2022-ի թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչև 2022 թ. տարեվերջ: