ՏԿԵ նախարարությունը 2021 թվականին իրականացրել է 22 ծրագիր և 160 միջոցառում, որոնց համար ծախսել է 243․8 միլիարդ դրամ։ Կատարողականը կազմել է 94․5 տոկոս։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնեց նախարար Գնել Սանոսյանը։
«Ծախսային մասը կազմել է 201․4 միլիարդ դրամ։ Այս թիվը 23 միլիարդ 100 միլիոն դրամով ավելի է, քան 2020 թվականին էր»,- ասաց Սանոսյանը։
Խոսելով համայնքների միավորման բարեփոխումների մասին՝ Սանոսյանը նշեց, որ 2021 թվականին 441 բնակավայր միավորվեց 38 համայնքային փնջերում։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ միավորման, խոշորացման գործընթացն իր դրական էֆեկտները սկսում է տալ, և դրանք շատ տեսանելի են»,- ասաց Սանոսյանը՝ թվարկելով ծախսերի կրճատման, ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված հարցերը։
Սանոսյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերին։ Նա նշեց, որ դրանք ակտիվ կերպով ընթանում են։
«2021 թվականին իրականացվել, ավարտվել է 605 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր գումարը՝ 24․3 միլիարդ դրամ։ Կառավարության մասնակցությունը 13․6 միլիարդ դրամ է»,- ասաց նա։