ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն) և Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):
Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Թագուհի Թովմասյանը երախտագիտություն է հայտնել Մարգարետա Սեդերֆելտին՝ իր նամակներին արձագանքելու համար, որոնցում անդրադարձել է նաև Արցախի խնդիրներին և արցախահայության իրավունքներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին՝ նա մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից: Կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նա, միևնույն ժամանակ, անընդունելի է համարել պարտադրված խաղաղությունը և հավելել, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում: Թագուհի Թովմասյանը խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային հանրության գործուն աջակցությունը:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ: Ընդգծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և արցախահայերի՝ իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ոչ ակտիվ գործունեությանը: Բարձրացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը, և այս առումով ընդգծվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը:
Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նրանք նշել են, որ վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման ու խոսքի ազատության ոտնահարման դեպքեր:
Կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերակատարությանը, ժողովրդավարական գործընթացներին ԵԱՀԿ ԽՎ աջակցության ձևաչափին, մեր երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանն ուղղված քայլերին և այլ հարցերի: