Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արփինե Դավոյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի նախագիծն անփոփոխ է մնացել:
Փոփոխությունների ընդունման արդյունքում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի 2015 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով ամրագրված կանոնակարգումներին: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի և Կառավարության եզրակացությունները դրական էին:
Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց երեկ և այսօր քննարկված օրինագծերը:
«Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանը համարում եմ փակված»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։