Իշխանի մանրաձկան երկու տեսակի հերթական խմբաքանակն է բաց թողնվել Սևանա լիճ՝ ավելի քան 15 հազար 500 ամառային բախտակ, 150 հազար հատ էլ՝ գեղարքունի: Մանրաձկների քաշը՝ համապատասխանաբար, 5.8 և 1.1 գրամ: Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության ծրագրով, 2015-ից սկսած, տարվա մեջ մի քանի անգամ մանրաձուկ է բաց թողնվում լիճ, այս անգամ՝ Ծակքար գետի և Գավառագետի հատվածում:
Սևակ Բալոյան (ՀՀ ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - 15 թվականից մինչև 22 թվականը լիճ, կամ լիճ թափվող գետեր են բաց թողնվել շուրջ 2.5 միլիոն հատ մանրաձուկ:
Արհեստական ճանապարհով լիճ բաց թողնված իշխանը Սևանում հասունանում, սակայն ինքնուրույն չի վերարտադրվում՝ ասում է կենսառեսուրսների կառավարման վարչության պետը: Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագիտական տվյալների համաձայն՝ վերջին տարիներին Սևանում կա մեկից երկու տոննա իշխան: Եթե բնական վերարարտադրություն լիներ, իշխանի պաշարներն ավելի շատ պետք է լինեին՝ ասում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը: Սևանում իշխանի բնական վերարտադրությանը խոչընդոտում է երկու հանգամանք:
Բարդուխ Գաբրիելյան (Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն) - Առաջինը որսագողությունն է, որովհետև ուրիշ անուն չենք կարա տանք: Երկրորդը, որ նրանք բազմացման տեղեր չունեն, որովհետև այդ երկու ռասաները բազմանում են գետերում, որովհետև մեր այսօրվա ինը գետից, որոնք հանդիսացել են իշխանի ձվադրավայր, այսօր չեն համապատասխանում այն պայմաններին, որոնք կարող են ապահովել այդ վերարտադրությունը:
Եթե նույնիսկ սեռահասուն ձուկը կարողանում է անցնել գետ և ձվադրել, միևնույն է՝ որսում են գետերում: Ստացվում է պետական գումարները ծախսվում են, սակայն արդյունքը վայելում են որսագողերը՝ նկատում է մասնագետը:
Բարդուխ Գաբրիելյան - Թառափերով 100 տոկոսանոց կարող են փակել, և 100 տոկոս դրանք որսվում են:
Իշխանի որսը լճում արգելված է: Եթե արհեստական ճանապարհով ամառային բախտակի և գեղարքունի տեսակների մանրաձուկը չլցնեն լիճ, էնդեմիկ համարվող այս երկու տեսակն էլ կվերանա՝ ասում է մասնագետը: Խիստ հսկողություն է պետք սահմանել ոչ միայն լճի, այլև Կարճաղբյուր և Լիճք գետերի վրա: Հիմա պատրաստվում են փորձնական ծրագրով ամբողջությամբ մաքրել Կարճաղբյուրը, ստեղծել ձվադրման պայմաններ, սահմանել խիստ հսկողություն, որից հետո հնարավոր կլինի ապահովել իշխանի բնական վերարտադրությունը: