ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրի միջև առևտրատնտեսական գործակցության հետ կապված մի շարք հարցեր:
ՌԴ ՊՆ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հունիսի 15-ին Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական գործարանի տարածքից խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքի բացման մասին։ Այն կգործի Լուգանսկի Սվատովո քաղաքի հյուսիսային ուղղությամբ, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը:
Պաշտպանական գերատեսչությունը գործարանում գտնվող ուկրաինացի զինվորներին առաջարկել է վայր դնել զենքը և հանձնվել ռուսական կողմին:
Ավելի վաղ Ռուսաստանում Լուգանսկի դեսպանը տեղեկացրել էր, որ «Ազոտ»-ում կա շուրջ 300-400 ուկրաինացի զինծառայող, ապաստարաններում թաքնված քաղաքացիական անձանց թիվը, հավանաբար, հասնում է 500-ի:
ԺԱՄԱՆԱԿԸ ՌԴ ՕԳՏԻՆ Է, ՈՉ ԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ժամանակը Ռուսաստանի օգտին է, այլ ոչ Ուկրաինայի, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«Կիևը պատրաստ է բանակցել, եթե Ռուսաստանն ապացուցի, որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա ևս մեկ անգամ դժգոհություն է հայտնել, որ երկրի տարածքում ոչ թռիչքային գոտի չի սահմանվել, իսկ Կիևին ժամանակին՝ մինչև պատերազմը, զենք չի տրամադրվել: Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է վերջնականապես հստակեցնել Բեռլինի դիրքորոշումը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։
ԵՄ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ԿԻԵՎԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ
Եվրամիությունը կքննարկի Կիևին միություն ընդունելու հարցը, երբ ավարտվեն ռազմական գործողությունները, հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կներկայացնի իր կարծիքը Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:
Վրաստանի վարչապետը, իր հերթին, նշել է, որ ԵՄ-ին առաջին հերթին պետք է անդամակցի Թբիլիսին, հետո նոր Կիևն ու Քիշնևը:
«Ասում են՝ Ուկրաինայում պատերազմական դրություն է, այդ պատճառով նրան պետք է Միությանն անդամակցությունը. ցավում եմ, եթե կարգավիճակ ստանալու համար պատերազմ է պետք. մենք պատերազմ չենք ուզում, մենք պահանջում ենք կարգավիճակ, որը Վրաստանի ժողովուրդը 30 տարվա ընթացքում վաստակել է»,- համոզմունք է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ SADAT-Ի ԴԵՄ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջել է քրեական գործ հարուցել Թուրքիայի նախագահի նախկին խորհրդական Ադնան Թանրիվերդիի հիմնադրած SADAT մասնավոր ռազմական ընկերության դեմ, հայտնել է կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը։
«Այդ կիսառազմական կազմակերպությունը ստեղծվել է նախագահի քաղաքական աջակցությամբ հանցավոր գործողություններ իրականացնելու նպատակով։ Այն զբաղվում է զենքի վաճառքով, ինչպես նաև այդ գործընթացներում հանդես է գալիս որպես միջնորդ»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ SADAT-ը նաև դիվերսանտների և ահաբեկիչների է պատրաստում:
Երկրի ընդդիմադիր առաջնորդներից Քեմալ Քըլըչդարօղլուն դեռ մայիսին հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է միջամտել 2023 թվականի հունիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Ռեջեփ Էրդողանը հերքել է ընկերության հետ կապեր ունենալու համար մեղադրանքները:
Տեղական և արևմտյան լրատվամիջոցները բազմաթիվ հրապարակումներ են ունեցել տարբեր ռազմական հակամարտություններում SADAT-ի ներգրավվածության մասին:
ԱՀԿ-Ն ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՆԻՍՏ ԿՀՐԱՎԻՐԻ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է հունիսի 23-ին արտակարգ նիստ հրավիրել՝ գնահատելու կապկի ծաղկի տարածման վտանգը:
Կառույցի տվյալով՝ մինչ օրս հիվանդացության դեպքեր են գրանցվել 39 երկրում, մասնավորապես, այսօր հայտնի է դարձել Ռումինիայում կապկի ծաղկով վարակման առաջին դեպքի մասին: Աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 1600 հաստատված և հնարավոր 1500 դեպք. մահվան դեպքերը գերազանցել են 70-ը։
ԱՀԿ-ի գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսի համոզմամբ՝ վիրուսի պահվածքն արտասովոր է, ուստի ժամանակն է քննարկել կանխարգելիչ միջոցների ուժեղացման հնարավորությունը: