ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ ուղղված իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը թվերով ներկայացրեց, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունն Արցախին տրամադրել է աննախադեպ ծավալի աջակցություն։
«2021 թվականի ընթացքում ծայրահեղ ընդդիմությունը 2 հիմնական թեզ էր զարգացնում․ առաջինը, որ Կառավարությունը միայնակ է թողել Արցախին, երկրորդը՝ նրանք պահանջում էին որդեգրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը՝ փորձելով հիմնավորել, որ հենց սա է եղել իրենց իշխանավարության տարիներին իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, և եթե այսօրվա իշխանությունը սա չի որդեգրում, ուրեմն դավաճանություն է գործում Արցախի հարցում։
Հիշեցնեմ, որ այսօր ծայրահեղ ընդդիմության դիրքում գտնվում են մարդիկ, ոորոնք 1998-2018 թվականը եղել են իշխանության ղեկին, և նրանք են զարգացնում վերոնշյալ թեզերը։
Այսօր ցանկանում եմ մեկնաբանություն անել առաջին և երկրորդ պնդման վերաբերյալ։
Առաջին թեզը, կարծում եմ, հերքվում է հենց միայն բյուջետային ցուցանիշներով, որոնց մասին խոսել ենք մի քանի անգամ։ 2021-22 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության։
Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117․9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել մինչպատերազմական ողջ շրջանում։ Այս գումարից 57․8 միլիարդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել։
2021 թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը ՀՀ վճարած գումարն է։
Այսինքն՝ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ավարտը 136 միլիարդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում։
«2022 թվականին արդեն Արցախին ՀՀ կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 միլիարդ դրամ։ Այսինքն՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատությամբ, ՀՀ կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 միլիարդ դրամով, 2019 թվականի համեմատ՝ 102 միլիարդ դրամով»,- ասաց Փաշինյանը։
Այս միջոցներով, Փաշինյանի խոսքով, Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսի բարձրացում է տեղի ունեցել, տեղի է ունենում լայնածավալ բնակարանային շինարարություն։
Նա ընդգծեց, որ Հայաստանը եղել է և հիմա էլ Արցախի կողքին է։
Փաշինյանն անդրադարձավ նաև երկրորդ կետին։
«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով:
Բնականաբար, նման պատասխանատու հայտարարությունը պետք է հիմնավորված լինի կոնկրետ ապացույցներով։ 1998 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված՝ այսպես կոչված «Ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է․ Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա՝ միջազգայնորեն սահմանված սահմաններում»։
Երկրորդ մեջբերումը «Ընդհանուր պետություն» փաթեթից․ «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր՝ ԼՂ հատուկ նշումով»։ Այս մասին բնականաբար իմացել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը։ Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ընդհակառակը, վերը նշված տարբերակը հիմք ընդունելով՝ նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Ավելին՝ նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ընդունած Անկախության հռչակագիրը և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն և նրա արդյունքները։
«Ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է այսպես կոչված «Տարածքների փոխանակման» փաթեթը, որի մասին նույնպես մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել ենք։ Այսօր էլ ուզում եմ ընդգծել, որ այդ բանակցային փաթեթով Հայաստանի այն ժամանակվա կառավարիչներն Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Նշված փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն՝ եթե Հայաստանը պիտի իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։
Խնդրո առարկա նախագծում ուղիղ էլ գրված է, որ Հայաստանը Մեղրիի շրջանն է տալիս, Ադրբեջանը՝ Լաչինի շրջանը, Շուշին և Լեռնային Ղարաբաղը։ Ուշադրություն դարձրեք՝ Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին տվողը։ Նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, թե Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի և Լաչինի հետ միասին, ինչպես Մեղրին է Հայաստանինը, որ իր հերթին նա տալիս է Ադրբեջանին ԼՂ-ն ստանալու համար»,- ասաց Փաշինյանը։