ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շեշտեց, որ 2021 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը ներկա չէ խորհրդարանական ընդդիմությունը։
«Ընդհանրապես, յուրաքանչյուր ժողովրդավարական, խորհրդարանական երկրում բյուջեի կատարման հաշվետվությունը հանդիսանում է ընդդիմության ամենակարևոր վերահսկողական գործառույթներից մեկը։ Բայց, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը զբաղված է այլ օրակարգով։ Քաղաքական մեծամասնությունը գործադիրի հետ պատշաճ կերպով իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները՝ ըստ էության կատարելով ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության գործառույթները՝ փորձ անելով վերհանել խնդիրները»,- ասաց Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները։
«Չի կարողանում սպասարկել իր պարտականությունները նաև փողոցում։ Տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այս վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով։ Ընդդիմությունը դեֆոլտի մեջ է։ Սա կարևոր մտածելու առիթ է բոլորիս համար։
Հիշում ենք, որ ընդդիմությունը որոշեց իր «փրկչական» առաքելությամբ դուրս գալ փողոց, հատկապես վարչապետի ելույթից հետո, որտեղ վարչապետը խոսում էր Արցախյան հարցի մասին։ Ընդդիմությունը անում էր ոչ այլ ինչ, եթե ոչ անում էր մի քանի տասնամյակ Հայաստանում։ Ընդդիմությունը փորձում էր Արցախյան հարցը, Արցախն օգտագործել իշխանությունը վերստին զավթելու համար։ Մի բան, որ ընդդիմությունն արել էր դեռևս 98 թվականին, մի բան, որով ընդդիմությունը 20-ամյակ պահել էր իշխանությունը, և մի բան, որ ընդդիմությունը փորձում է անել պատերազմից հետո տևական ժամանակ ՀՀ-ում»,- ասաց նա։