2021 թվականը տնտեսական ճգնաժամերի ու ցնցումների ռիսկով տարի էր, բայց Հայաստանը կանխատեսվածից ավելի տնտեսական աճ է գրանցել՝ 3.2-ի փոխարեն տնտեսական աճը կազմել է 5.7 տոկոս: 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք աճի 4 տոկոսն են կազմել, 0.8 տոկոսն էլ արդյունաբերության աճի ազդեցությունն է, 0.2-ը՝ շինարարության՝ ներկայացրեց նախարարը: Գյուղատնտեսության կրճատումն էլ բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա, բայց պետական բյուջեի եկամուտներն են աճել:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է:
Բյուջե հավաքագրված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14,6 տոկոսով, հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել բյուջեով:
Տիգրան Խաչատրյան - Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 22.7 տոկոսի: Սա կարևոր է:
Բարձր կատարողական ունեն նաև կապիտալ ծախսերը՝ 92.5 տոկոս, ընթացիկ ծախսերը 2020 թվականի համեմատ 7.2 տոկոսով ավելացել են՝ կազմելով մոտ 120 մլրդ դրամ: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողական հաշվետվության ընթացքում մանրամասն քննարկվեց ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը: 2021-ի արդյունքով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, արձանագրվել է 3.2 տոկոս բարելավում նախորդ տարվա համեմատ:
Տիգրան Խաչատրյան - Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում՝ Կառավարության պարտքի կառուցվածքում, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ: Այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ:
Երկրի գլխավոր ֆինանսիստը հավանական համարեց արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 59 տոկոսը, եթե տարեվերջին փոխարժեքը ցածր լինի:
2021-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 21 ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ ներկայացրեց իր ոլորտի կատարողականը: 2021 թ․ ընթացքում իրականացվել են 21 բյուջետային ծրագրեր՝ 196 միջոցառումով:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Բազմաթիվ միջոցառումների պարագայում նախարարությունը հանդես է եկել որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ՝ շուրջ 30 այլ պետական գերատեսչությունների միջոցառումների մասով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 174.8 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 97.7%-ը՝ 2020 թվականի 95%-ի դիմաց։
ՍԱՆՈՍՅԱՆԸ՝ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԻ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
22 ծրագիր՝ 160 միջոցառումով, ընդհանուր 243 մլրդ դրամով ու 94.5 տոկոս կատարողականով. իր ոլորտի ֆինանսական հաշվետվությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Պատգամավորները նախարարից հետաքրքրվեցին Լարսի անցակետի կուտակումներից: Սանոսյանը նորություն հայտնեց:
Գնել Սանոսյան (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կարծես, հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որը օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար։ Ընդ որում՝ արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես՝ մեզ համար:
ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳՆԱՃԻՆ
Հանրապետությունում առկա գնաճից խոսեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Երկրի գլխավոր դրամատան ղեկավարի խոսքով՝ Հայաստանում 2021 թվականի ամբողջ ընթացքում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը:
Մարտին Գալստյան (ՀՀ կենտրոնական բանկի նախագահ) - Գների կայունության պահպանման նպատակով 2021 թվականին Կենտրոնական բանկը վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ աստիճանաբար չեզոքացնելով խթանող դիրքը: Արդյունքում 12-ամսյա գնաճը նոյեմբերին 9.6 տոկոսի համեմատ որոշ չափով նվազել է և տարեվերջին կազմել 7.7 տոկոս։
ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ 16.8 ՏՈԿՈՍԸ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ
Հայաստանի պետական բյուջեի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը բաժին է ընկել պաշտպանության ոլորտին, ինչը 7.6 տոկոսով ավելի է նախնական հաստատված տարբերակից. շեշտեց Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ծախսերն ավելացել են, քանի որ բյուջեն 44-օրյա պատերազմից հետո վերանայվել է:
Անդրանիկ Քոչարյան (Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ) - Ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: 2020 թվականի փաստացի մակարդակից ցածր է 13.3 տոկոսով՝ հասկանալի պատճառներով, որովհետև 2020-ին այն իրողությունը, որում մեր երկիրը հայտնվեց, բնականաբար, ծախսային մասը պետք է կտրուկ ավելանար: «Հատկանշական է, որ ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք կազմել են 333.6 մլրդ դրամ՝ 2019 և 2018-ին գերազանցում են համապատասխանաբար 9.8 տոկոսով և 45.7 տոկոսով: Իսկ կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս՝ ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս
Առողջապահության ոլորտին 2021 թվականին 159 մլրդ 190 մլն դրամ է հատկացվել, որից 251 մլն դրամն ուղղվել է COVID-19-ի բուժման ընթացքն ապահովելուն. ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն անդրարձավ նաև նիստերը բոյկոտած ընդդիմությանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Այստեղ չեն մեր ընդդիմադիր պատգամավորները՝ այս կարևոր քննարկում-հաշվետվության ընթացքում իրենց մտատանջող հարցերը տալու ու պատասխաններ ստանալու համար, բայց հույս ունենք, որ առողջապահական ոլորտին վերաբերող հարցերն ու առհասարակ մեր երկրին վերաբերող առանցքային խնդիրները կքննարկվեն ներկայացուցչական այս ամենաբարձր մարմնում ու կառուցողական մթնոլորտում, այլ ոչ թե...
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատշաճ կերպով իրականացրել է բյուջեի կատարողականի քննարկումները՝ փաստացի կատարելով ոչ միայն իշխանության, այլ նաև խորհրդարանական ընդդիմության գործառույթները. արձանագրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Կառավարող ուժի ներկայացուցիչը նկատեց՝ ժողովրդավարական յուրաքանչյուր երկրում բյուջեի կատարման հաշվետվությունը հանդիսանում է ընդդիմության ամենակարևոր վերահսկողական գործառույթներից մեկը, ցավով արձանագրեց, որ հայաստանյան խորհրդարանական ընդդիմության օրակարգն այլ է:
Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Վերջին 40 և ավելի օրերի ընդդիմության գործողություններն ամփոփելով՝ կարելի է փաստել, որ խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է: Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները՝ իրեն քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները փողոցում, որովհետև մենք տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակը գլխիկոր ազատելով:
Նա հիշեցրեց, որ ընդդիմությունը, ինչպես ինքը որակեց, «փրկչական» առաքելությամբ դուրս եկավ փողոց հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի խնդրի մասին ելույթից հետո:
Հայկ Կոնջորյան - Ընդդիմությունը անում էր ոչ այլ ինչ, եթե ոչ անում էր մի քանի տասնամյակ Հայաստանում։ Ընդդիմությունը փորձում էր Արցախյան հարցը, Արցախն օգտագործել իշխանությունը վերստին զավթելու համար։ Մի բան, որ ընդդիմությունն արել էր դեռևս 98 թվականին, մի բան, որով ընդդիմությունը 20-ամյակ պահել էր իշխանությունը, և մի բան, որ ընդդիմությունը փորձում է անել պատերազմից հետո տևական ժամանակ ՀՀ-ում:
Կոնջորյանը հայտարարեց, որ ընդդիմության քաղաքական սնանկությունը արձանագրվեց ոչ միայն խորհրդարանում, այլև փողոցում ու հրապարակներում:
Հայկ Կոնջորյան - Քննարկվում էր ընդդիմության ակցիաների սակավամարդությունը, բայց խնդիրը սակավամարդությունը չէ, այլ սակավամտություն է ընդդիմության ղեկավարության: Երբ դու դուրս ես գալիս որևէ մեկին թուրքից փրկելու, և էդ մեկը քեզ կասկածում է, դու նրան չես կարող համարել թուրք: Սա քաղաքական սակավամտության դասական օրինակ է:
Կառավարող խմբակցության ղեկավարը շեշտեց՝ ընդդիմության տխուր վերջաբանն ու տապալումը Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի վկայություն է: Ինչ վերաբերում է բյուջեին, խորհրդարանականներն արձանագրեցին որ 2021 թվականին բյուջեն 98 տոկոս կատարողական ունի: Բյուջեի կատարողական քննարկումն ավարտվեց ու 68 կողմ ձայնով հաստատվեց խորհրդարանի կողմից:
Անի Օհանյան