2020 թվականի խոր տնտեսական անկումից հետո Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին վերականգնվել է սպասվածից բարձր տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5․7 տոկոս։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ տնտեսական աճի վերականգնմանը նպաստել են համաշխարհային և ներքին պահանջարկի սպառման աճի հաշվին ավելացումը։
«Կապիտալ ներդրումները ևս վերականգնվել են՝ պայմանավորված ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների աճով»,- ասաց Գալստյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը ամբողջ 2021 թվականի ընթացքում։
«Գների կայունության պահպանման նպատակով 2021 թվականին Կենտրոնական բանկը վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ աստիճանաբար չեզոքացնելով խթանող դիրքը»,- ասաց Գալստյանը։
Արդյունքում 12-ամսյա գնաճը նոյեմբերին 9․6 տոկոսի համեմատ որոշ չափով նվազել է և տարեվերջին կազմել է 7․7 տոկոս։