Մեր ժառանգած բանակցային տրամաբանության համաձայն՝ առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ-ն չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ միջանկյալը։ Սրանում է եղել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրման տրամաբանությունը։ Այս մասին խորհրդարանում` ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային պատմությանն ու գործընթացին:
«Եթե ուզում ես ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ անկախություն ստանալ տարածքային ամբողջականության սկզբունքը չխախտելով, ինչը դրված է Մադրիդյան սկզբունքների հիմքում, դրա միակ ճանապարհն այն է, որ տարածքային ամբողջականության սուբյեկտը համաձայնի քո անկախության հետ։ Սա է եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դիրքորոշումը, ինչի վերաբերյալ նրանք ինձ ասել են անձամբ, և ինչը երևում է բանակցային գործընթացի ողջ պատմությունից, որից բխում է, թե Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անելու համար պիտի ստանար Ադրբեջանի թույլտվությունը։
Եթե ԼՂ-ն չեք ճանաչել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ եք նրա թույլտվությունը հայցում հանրաքվե անելու համար, այն էլ՝ 1991 թվականի հանրաքվեն չեղյալ անելու գնով։
Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը։ Այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ բանակցային ժառանգությունն է պատերազմի հիմքեր ու պատերազմական կոնտեքստ ստեղծել, պատերազմի պատճառ դարձել։
«Եթե մենք ենք պատերազմի պատճառը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից հայտարարում․ «․․․այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»։ Եթե մենք ենք բանակցությունները փակուղի մտցրել, ինչո՞ւ էր այդ նույն Սերժ Սարգսյանը նույն օրը նույն ամբիոնից հայտարարում․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը անիրատեսական և անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ նրանք, այսինքն՝ ՀՀ նախկին իշխանությունները, երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում»,- ասաց վարչապետը: