Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։
Բացման խոսքով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հուշամեդալներ է հանձնել պրոֆեսորադասախոսական կազմին։
Գիտական կոչում ստացած շրջանավարտներին վկայականները հանձնել են Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ գիտական խորհրդի միաձայն որոշմամբ՝ Արտեմ Փաթափությանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն 3 հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում, ԵՊՀ-ն այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Կրթությունն ու կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղությունն է, որ պետք է զարգացնի ՀՀ կառավարությունը: Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև համոզմված եմ, որ մեր հանրային կյանքի որևէ խնդրի առնչվելիս մենք անպայման կհանգենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդրին:
Արտեմ Փաթափության (Նոբելյան մրցանակի դափնեկիր) - Եթե այն ժամանակ, երբ ես 18 տարեկան էի և գաղթում էի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որևէ մեկն ինձ ասեր, որ ես կստանամ Նոբելյան մրցանակ, ես վստահ կլինեի, որ այդ մարդն ինձ ծաղրում է: Ես սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեի, բայց հաջողակ էի՝ ունեի ծնողներ, որոնք իրոք հավատում էին, որ լավագույն կրթություն ստանալը կարևոր է և առաջնահերթ: Ես այսօր այստեղ եմ այդ կրթության, աշխատասիրության շնորհիվ, բայց նաև այն հանգամանքի, որ ունեցել եմ մեծ ուսուցիչներ և առաջնորդողներ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան