Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողությունը կհանգեցնի էսկալացիայի և տարածաշրջանում զինված դիմակայության նոր փուլի։ Այդ մասին զգուշացրել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Նա անհիմն քայլ է համարել Սիրիայի հյուսիսում կիսառազմական քրդական ուժերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ծրագիրը: Ըստ Լավրենտևի, դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, որն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ «բարդ և լարված»։
ՌԴ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսության միջոցով, և հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր աջակցությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազատ բանակի զինյալներն ավարտել են Սիրիայում նոր գործողության նախապատրաստական աշխատանքները։ Բանակը սպասում է գործողությունը սկսելու Անկարայի հրամանին։ Նշվում է, որ թուրք զինվորականները մարտական դիրքեր են գրավել Թել Ռիֆաթ և Մանբիջ քաղաքների շրջակայքում ու գնդակոծում են, իրենց գնահատմամբ, ահաբեկչական խմբավորումների դիրքերը։