Ֆրանսիան և Եվրամիությունը չեն ցանկանում կռվել ռուս ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռումինիայի Կոնստանցա կոմսության ռազմաօդային բազայում նախագահ Կլաուս Յոհանիսի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Մակրոնի խոսքով՝ Փարիզն ի սկզբանե կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ որպես պատիժ ուկրաինական տարածքում հատուկ ռազմական գործողության։ «Բայց մենք նաև ցանկանում ենք կառուցել խաղաղություն, ինչը նշանակում է, որ ինչ-որ պահի պետք է դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Ավելի վաղ Մակրոնը Զելենսկուն հիշեցրել էր, որ Ռուսաստանը ուժեղ տերություն է և եվրոպական տարածաշրջանի մի մասը: «Ես կրկնում եմ, որ մենք՝ եվրոպացիներս, կիսում ենք մեկ մայրցամաք, և Ռուսաստանն այս մայրցամաքից ոչ մի տեղ չի գնա։ Այն եղել է, կա և կլինի դրա մի մասը»,- ասել է նա:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հերքել է Փարիզից կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային և ընդգծել է հավատարմությունը միջազգային համաձայնագրերին, որոնք արգելում են այդ զինատեսակները։
Ի տարբերություն Մակրոնի հայտարարության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը Հաագայում Նիդերլանդների, Բելգիայի, Դանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Պորտուգալիայի և Լատվիայի կառավարությունների ղեկավարների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ուկրաինական դիմադրությունն արևելքում ամբողջովին կախված է ծանր սպառազինության մատակարարումից։
Պենտագոնի ղեկավարն էլ Ուկրաինայի հարցով շտաբի նիստում հորդորել է չթուլացնել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ դա համարելով անթույլատրելի: Հակառակը՝ Լլոյդ Օսթինը կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին:
Bloomberg-ն էլ տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային տրամադրել 650 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: