Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի՝ վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով՝ անկախ գումարի չափից, ընդունել անկանխիկ վճարում՝ տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։
Նոր օրենքի կիրառումը, անկանխիկ գործարքների ծավալը մեծացնելուց զատ, կնպաստի նաև անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։
Սա հնարավորություն կտա կենսաթոշակառուներին և նպաստառուներին հուլիսի 1-ից իրացնել անկանխիկ գործարքներ կատարելու իրենց իրավունքը՝ հաջորդ ամիս ստանալով 10% հետվճար (բայց ոչ ավելի, քան 5000 դրամ)։
Սոցապնախարարությունից հիշեցնում են, որ ծրագրին արդեն իսկ միացել են «ՎՏԲ-Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակներն ու նպաստները տրամադրող կազմակերպությունը, հնարավորություն ունեն մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և համապատասխան կազմակերպությունն ընտրել իրենց ցանկությամբ։