Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է։
Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին մազապուրծ փախչում է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում է աշխարհով: Շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անլցնելի անդունդ է գոյանում: Պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ հանցագործության մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:
Մայքլ Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում:
Նա «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ հանդես է եկել HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում:
Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։