Ատելության խոսք, բռնության կոչեր, չստուգված և կողմնակալ տեղեկություն՝ այն հասկացություններն են, որոնք օրենքի ուժով նախատեսվում է բացառել հեռուստաեթերից: Փոփոխություններն առաջարկվում են երկու տարի առաջ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նկատում է՝ չնայած ընդունված օրենքն ընդգրկուն է, սակայն օրեցօր փոփոխվող լրատվադաշտում բազմաթիվ բացեր ունի:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Հաճախ հեռուստացույցը կամ ռադիոն միացնելիս Հայաստանի քաղաքացին, որն իրավունք ունի ստանալ անաչառ տեղեկատվություն, ինչը ևս պետության անխախտելի պարտավորությունն է, ստանում է ավելի շատ դեզինֆորմացիա, քան ինֆորմացիա:
Առաջարկվող կետերից մեկով՝ հաղորդում վարելու իրավունք չեն ունենա պետական պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ մեկ այլ կարգավորմամբ՝ հաղորդավարները պարտավոր կլինեն նշել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեսակետ հայտնող անձի քաղաքական պատկանելությունը: Ոլորտի պատասխանատուներն այս փոփոխությունները դրական են որակում:
Տիգրան Հակոբյան - Մի մարդ, որն ամբողջ կյանքը կուսակցական գործունեությամբ է զբաղվել, գալիս և ներկայանում է որպես անկախ քաղաքագետ, ինչը շփոթմունք է մտցնում նույն հեռուստադիտողի մոտ: Իսկ եթե նա իմանա, որ այդ կարծիքն արտահայտում է այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, ինքն ավելի քննադատաբար կմոտենա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարևորում է հատկապես մասնավոր հեռարձակողների իրավունքների պաշտպանությունը: Ընդգծում է՝ նրանց նկատմամբ պարտադրանքը պետք է քիչ լինի, սակայն հավելում՝ մասնավորներն էլ պետք է չվերածվեն քարոզչամեքենայի:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Կան հեռուստաընկերություններ մասնավոր, որոնք ավելի շատ կուսակցական քարոզիչներ են, քան հեռուստաընկերություններ, որոնք կոչված են սպասարկել կամ ծառայություններ մատուցել հանրությանը: Նրանք շատ հաճախ անտեսում են հանրային շահը և առաջին հերթին կատարում են իրենց հովանավորի պարտադրանքը, ցանկությունը կամ սպասարկում են նրանց շահերը:
Խնդիրը կարող է լուծել լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման հնարավորությունը՝ վստահ է Տիգրան Հակոբյանը:
Տիգրան Հակոբյան - Հասարակության մեծ մասը շատ լավ գիտի, որ այս կամ այն լրատվամիջոցը, հեռարձակողը պատկանում են այս կամ այն ֆինանսատնտեսական խմբին, անձին կամ կուսակցությանը, բայց օրենքով հանձնաժողովը կամ այլ մարմին իրավասություն չունի դա բացահայտել և դրա համար պատժել:
Հանրային քննարկման դրված օրենքի նախագծում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ավելի շատ ինքնակարգավորմամբ լուծելու հարցեր է տեսնում: Մելիքյանը, սակայն, բավարար չի համարում լրատվադաշտում և հասարակության շրջանում դրա համար անհրաժեշտ պայմանները:
Աշոտ Մելիքյան - Որտեղ հասարակությունը կարող է ինքնակարգավորվել, պետությունը չի միջամտում, բայց երբ նույն լրագրողական համայնքը չի կարողանում ինքնակարգավորվել, հայտնվում են այսպիսի կարգավորումներ, որոնք հիմա առաջադրվեցին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն բավարար մասնակցություն չեն ունեցել՝ դժգոհում են կառույցների ներկայացուցիչները: Նշում են՝ կարգավորումների վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտողությունները կամփոփեն և կներկայացնեն նախագիծը մշակած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան