ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ անհրաժեշտություն կա լրացնել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի բացերը՝ արդիականացնելով այն:
«Վերջին համարյա թե քսան տարիների ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ մեր հանրային ծառայության ոլորտում, թե՛ դիվանագիտական ծառայությունները կարգավորող այլ իրավական ակտերում, ինչը հանգեցրել է որոշակի շտկումների անհրաժեշտության»,- իր ելույթում նշել է հիմնական զեկուցողը:
Նախագծի ընդունմամբ՝ արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը, որը դիվանագիտական պաշտոն է, կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող և կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:
Փոփոխություն է առաջարկվում դիվանագիտական աստիճանների սանդղակում: Դրա ընդունման արդյունքում կփոփոխվեն երկրորդ և առաջին քարտուղարների դասային աստիճանները:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման ժամկետների փոփոխությանը: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է, իսկ դրանից հետո օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կցորդի աստիճանով գործուղվող դիվանագետների համար խնդիրներ են առաջանում համապատասխան մարմինների հետ շփումներում՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ երկրներում կցորդները համարվում են տեխնիկական աշխատակիցներ: Տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագետներին գործուղել առնվազն երրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճանով՝ ավելացնելով աշխատանքի արդյունավետությունը:
Հեղինակներն ակնկալում են, որ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ԱԳՆ-ում ձևավորել միջին դասի դիվանագետների խումբ, ինչը կառույցին առավել լայն ընտրություն կատարելու հնարավորություն տալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ:
Մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` փոփոխությունները համահունչ են լինելու «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի հետ, որպեսզի չստեղծվի իրավիճակ, որ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, որը նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի կամ անձնագրի գործողության ժամկետը լրանում է:
Նախագծում նշվում է, որ դիվանագիտական անձնագիրը տրամադրելու է արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետները: