Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 30-ամյակին և կազմակերպության շրջանակներում Թուրքիայում Հայաստանի մշտական ներկայացուցչության 20-ամյակին նվիրված միջոցառման կապակցությամբ Ստամբուլի Ջեմալ Ռեշիթ Ռեյ սրահը լեփ-լեցուն էր: Միջոցառմանը ներկա էին կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում տասնամյակներ շարունակ ներգրավված անձինք, պետական պաշտոնյաներ։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։
Սահակ Սարգսյան (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Ավելի քան 20 տարի առաջ Հայաստանը Ստամբուլում հիմնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական ներկայացուցչությունը՝ կարևորելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ու առաջխաղացումը։
Դիվանագետը շնորհակալություն հայտնեց այս տարիներին Հայաստանի մշտական ներկայացուցչության գործունեությանն օժանդակած բոլոր գործիչներին, գործարարներին և համայնքի ներկայացուցիչներին՝ նրանց հանձնելով նաև տարբեր հուշանվերներ:
Միջոցառումը շարունակվեց Հայաստանից ժամանած Կոմիտասի քառյակի կատարումներով, որոնց միացան նաև դաշնակահարներ Սելեն Գյուլյունը և Մելինա Սեճիկյան Քյույումջուն։
Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչության գործունեությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում այն մեծ դերակատարում ունի նաև Թուրքիայում բնակվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող տարբեր հարցերի հետ կապված:
Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք) - Այսինքն՝ ես կնմանցնեմ այն բարակ թելին, այն փոքրիկ բոցին, որ ապագա կխոստանա։ Մեծ օգնություն կբերե Թուրքիա բնակվող հայաստանցիների համար, որովհետև իրենք եթե խնդիրներ ունենան, չունեն պաշտոնական վայր մը դիմելու։ Ուրեմն, իրապես, այս գրասենյակն իրենց տեսակ մը փրկություն կըլլա։ Եվ նաև, ինչու չէ, մեզ համար էլ, եթե հարցեր ունենանք, Հայաստանի հետ կապ հաստատելու միջոց է։ Մենք ուրախ ենք, կաղոթենք, որ այս դիվանագիտական հարաբերություններն ավելի զարգանան:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը նույնպես ընդգծում է ներկայացուցչության կարևորությունը և դերակատարումը:
Սահակ Սարգսյան - Բուն գործունեություն է ունեցել ներկայացուցչությունը անցյալ 20 տարիների ընթացքում։ Տարբեր, զանազան միջոցարումներ կազմակերպել ինչպես կառույցի շրջանակներում, այնպես էլ համայնքի հետ միասին: Հայաստանը ներկայումս կառույցի շրջանակներում հանդիսանում է էներգետիկայի աշխատանքային խմբի համակարգող երկիր։ Բոլորովին վերջերս՝ մարտ ամսին, կազմակերպության շրջանակներում վեբինար կազմակերպեցին կանաչ էներգետիկայի թեմայով:
ՍԾՏՀԿ-ն այսօր միակ կառույցն է, որը համախմբում է տարածաշրջանի երկրներին տնտեսական համագործակցության զարգացման շուրջ։ Հայաստանը արդեն հինգ անգամ նախագահել է կազմակերպությունում: