ԱԺ հայտարարությունների փուլում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ օրենքի նոր նախագծին, որը շուտով կհայտնվի խորհրդարանում:
«Մի քանի օր հետո ԱԺ կմտնի օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը անվարձահատույց տրամադրելու է 3 սենյականոց բնակարան Երևանում:
Ըստ կարգավորումների՝ բնակարանը ստանալու են ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Բնակարանը ձեռք բերելուց հետո նրանց տրամադրվելու է այդ բնակարանի օգտագործման իրավունք: Կարող են բնակվել, կարող են ի բնակություն տալ հարազատների, կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության: Բոլոր ծնողներին և 18-23 տարեկան երիտասարդներին կոչ եմ անում այս պահից սկսած մտածել այս հարցի վերաբերյալ և դիմել ռազմաուսումնական հաստատություն»,- ասաց Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ երբևէ չի եղել, որ սպային տրամադրեն բնակարան մինչև կենսաթոշակի անցնելը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: