Եթե որոշել եք վարկ վերցնել ու նորոգել ձեր բնակարանը կամ տունը, պետությունը կփոխհատուցի այդ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ մեծ մասամբ: Պայմանն է, որ նորոգումը ուղեկցվի էներգաարդյունավետության միջոցառումներով՝ ջերմամեկուսացվեն պատերը, տանիքներն ու միջհարկային ծածկերը, փոխարինվեն արտաքին դռներն ու պատուհանները, տեղադրվեն արևային համակարգեր և այլն:
Բազմաբնակարան շենքի բնակարանի նորոգման դեպքում վարկը պետք է չգերազանցի 7 մլն դրամը, ու դրա 20 տոկոսը ծախսվի էներգաարդյունավետության բարձրացման վրա, առանձնատների դեպքում վարկի առավելագույն չափը 10 մլն է, որի 30 տոկոսն է անհրաժեշտ ուղղել ջերմամեկուսացմանն ու նմանատիպ աշխատանքների: Ծրագրով հաշվարկված վարկային տոկոսադրույքը 14-ն է, պետությունը կսուբսիդավորի 9-14 տոկոսը՝ շահառուի բնակության վայրով պայմանավորված:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Սահմանամերձ բնակավայրերի համար այն հաշվարկով, որ քաղաքացու վրա նստում է 0 տոկոս տոկոսադրույք, այսինքն՝ անտոկոս է ստացվում: Սահմանամերձ չհանդիսացող գյուղական բնակավայրերում 2 տոկոս պետք է քաղաքացին տոկոսադրույք վճարի, սահմանամերձ չհանդիսացող քաղաքային բնակավայրերի համար 3 տոկոս, Երևանի համար՝ 5 տոկոս:
Թույլատրվում է նորոգման վարկի գումարով ձեռք բերել նաև էներգաարդյունավետ կենցաղային տեխնիկա: Բայց այդ նպատակին կարող է ուղղվել վարկի առավելագույնը 10 տոկոսը:
Ծրագրում չեն կարող ընդգրկվել 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակարաններն ու տները:
Դավիթ Կիրակոսյան (Կենտրոնական բանկի նախագծերի ղեկավար) - Վարկը տրամադրվելու է բացառապես անկանխիկ եղանակով: Բոլոր ծախսերը, առնվազն 80 տոկոսը, պետք է ունենան փաստաթղթային հիմնավորվում, որոնք կարող են լինել անկանխիկ վճարման, սարքավորումների ձեռքբերման պայմանագրեր, աշխատանքների ընդունման-հանձնման պայմանագրեր, նախահաշիվ, ՀԴՄ կտրոններ և այլն, իսկ էներգաարդյունավետ միջոցառումներին ուղղվող ծախսերի 100 տոկոսը պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով:
Ծախսային ուղղությունները հստակ հիմնավորելուց բացի, պետք է լուսանկարներ ու տեսանկարահանումներ արվեն նորոգումից առաջ ու հետո: Քաղաքաշինական կոմիտեի հավաստմամբ՝ ծրագիրը կսկսի գործել այս ամսվա ընթացքում: Հեղինակները նշում են՝ բանկերը կազմակերպչական վերջին աշխատանքներն են անում: Խորհուրդ են տալիս այս օրերն արդյունավետ օգտագործել և արդեն սկսել նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը:
Տանյա Արզումանյան - Այս ջանքը իրականում պետության համար ծանր ջանք է, դժվար, և խնդրում ենք ուղղակի հնարավորինս արդյունավետ օգտվել այս հնարավորությունից, որպեսզի այն նպատակը, որ պետությունն իր առջև դրել է՝ որոշ չափով բարելավել քաղաքացիների և՛ բնակֆոնդի վիճակը, և՛ քաղաքացիների բնակարանային պայմանները, պետությունը կարողանա լուծել և, ամենակարևորը՝ այդ էներգախնայող բաղադրիչի կիրառմամբ նաև էներգետիկ աղքատության ցուցանիշը որոշ չափով կրճատել:
Ծրագիրը տարածվում է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ներգրավված վարկերի վրա: Հետագայում էլ կշարունակվի՞, թե՞ ոչ՝ կախված է ընթացքից ու արդյունքներից:
Հեղինակ՝ Աննա Զախարյան