Հունիսի 12-ին ցուցադրական վարժանքներով ամփոփվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հունիսի 5-12-ը կազմակերպված տեխնոռազմամարզական հավաքը՝ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի շրջանակներում։ Հավաքին մասնակցել են ՏՀՏ ընկերությունների շուրջ 200 աշխատակիցներ։ Մասնակիցներն անցել են կրակային և մարտավարական բազային պատրաստություն գումարտակի շրջանակներում։
Այն անցկացվում է ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ համագործակցաբար իրականացվող Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակներում։ Ծրագրի հետագա զարգացումը ենթադրում է մասնակիցների շրջանակի ընդլայնում, որը ենթադրում է ինչպես ոլորտի մասնագետների մասսայական ներգրավում, այնպես էլ այլ ոլորտների մասնակցություն։
Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքի ընթացքում գործնականում ստուգվել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ապագա համակարգի գումարտակի մոդելը։ Վարժանքի հրամանատարությունն ու ղեկավարումն իրականացվել է գումարտակային մակարդակի հրամանատարական, ղեկավարման, տեղեկության հավաքման, դիտարկման և հետախուզման համակարգերի կիրառմամբ։ Այն բաղկացած է հայկական ՏՀՏ ընկերությունների տեխնոլոգիական և համակարգային լուծումներից։ Ցուցադրական վարժանքին ներկա են եղել ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության, պաշտպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև Կոտայքի մարզպետն ու Ծաղկաձոր համայնքի ղեկավարը։
Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը պատրաստակամ է իր վրա վերցնել պահեստազորային պատրաստության մի շարք խնդիրներ, ինչը նկատելի դեր կխաղա հայ ազգի տոկունության բարձրացման և անվտանգության նկատմամբ համապարփակ մոտեցման կայացման գործում։
Մոտեցումը պահանջում է ոչ միայն պետության, այլև ամբողջ ազգի ներուժի ներգրավումը, և ԱՏՁՄ-ն մտադիր է զարգացնել այն համահայկական «Ոգեզէն» հարթակի շրջանակներում։ Հարթակը կոչված է կենտրոնացնելու հայ ազգի ոչ պետական ներուժն ու հնարավորությունները՝ ստեղծելով հնարավորություններ ցանկացողների համար անմիջական ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում։
Հիշեցնենք, որ ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Ութօրյա վարժանքներն իրականացվել են ժամանակակից ռազմական և տեխնոլոգիական սկզբունքների առավելագույն կիրառմամբ։
Ծրագիրն իրականացվել է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։