Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող ու երբևէ չցուցադրված գործերը կներկայացվեն արվեստասերներին: Կեսդարյա պատմությունը նշող թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստվում է նոր ու բացառիկ ցուցադրության:
«Ցուցադրության մեջ ընդգրկված են հիմնականում թանգարանի պահոցից գործեր: Այստեղ 60-ականների, 80-ականների հեղինակներն են: Կան գործեր, որոնք երբեք չեն ցուցադրվել, կան նաև գործեր, որ ցուցադրվել են 40 տարի առաջ»,- նշում է թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանը բացվեց 1972 թ.: Հենրիկ Իգիթյանի գաղափարի շուրջը համախմբվեցին 60-ականների ամենավառ արվեստագետները: Այն Խորհրդային Միության առաջին ու միակ մոդեռն արվեստի կենտրոնն էր:
Թանգարանում պահպանվում է ավելի քան 2500 աշխատանք: Տարիների ընթացքում հավաքածուն լրացվել է երիտասարդ արվեստագետների գործերով: Թանգարանի հիմնադրման 50 և Հ. Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին կներկայացվի 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանք: Վիդեոարտ, ինստալյացիաներ, տեսաֆիլմեր. ցուցահանդեսի բացման օրը կմեկնարկի նաև «Այդ Իգիթյանը...» լիամետրաժ ֆիլմի նկարահանումը:
Թանգարանի հոբելյանի առթիվ տպագրվել է նաև «Ժամանակակից արվեստի թանգարան» ռուսերեն և անգլերեն պատկերագրքի 3-րդ հատորը:
Ցուցադրությունը կբացվի հունիսի 17-ից՝ Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդեսը կգործի 2 ամիս:
Հոբելյանական տարում ժամանակակից արվեստի թանգարանը հանդես կգա մի շարք հետաքրքիր այլ նախագծերով: