Եվրամիությունը պետք է կենտրոնանա Ուկրաինային օգնություն տրամադրելու, այլ ոչ թե նրան Միությանն անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ տալու վեճերի ուղղությամբ՝ ասել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։
Կոստայի խոսքով՝ թեկնածուի կարգավիճակի քննարկումը Ուկրաինայում «կեղծ սպասումների» վտանգ է ստեղծում, որը հետագայում կվերածվի «դառը հիասթափության»։
Պորտուգալիայի վարչապետը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը տվյալ երկրի անդամակցության գործընթացի միայն սկիզբն է, որը կարող է տարիներ ձգվել։ Դա չի լուծի Ուկրաինայի ներկա խնդիրները, որոնք, նրա կարծիքով, շտապ գործողություններ են պահանջում։
Կոստան նաև մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայի՝ թեկնածուի կարգավիճակի մասին բանավեճը միայն տարաձայնություններ կսերմանի ԵՄ անդամների միջև՝ դրանով իսկ «նվեր կմատուցի» Ռուսաստանին։
Financial Times-ը նշում է, որ Կոստայի խոսքերը ևս մեկ անգամ ընդգծում են եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների անորոշությունը Կիևին Միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության հարցում։ Խնդրի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացվի Բրյուսելի գագաթնաժողովում, որը կանցկացվի հունիսի 23-24-ը։ Այդ օրը կքննարկվի նաև Մոլդովային և Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: