ԴՈՆԵՑԿԸ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Դոնեցկը ենթարկվել է փետրվարի 24-ից ի վեր ամենաուժեղ հրետակոծությանը․ տարածքային պաշտպանության շտաբի տվյալով՝ կան զոհեր, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 20-ից ավելի մարդ։ Թիրախավորվել են բնակելի թաղամասեր, մասնավորապես՝ Բուդյոնովսկի շրջանի շուկան և Դոնեցկի հանրապետական ծննդատունը։
Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հրետակոծության համար մեղադրել է ուկրաինական կողմին և հայտարարել դաշնակցային, այդ թվում՝ ռուսական հավելյալ ուժերի կիրառման անհրաժեշտության մասին։
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: «Դոնեցկի ծննդատան գնդակոծման մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, սա միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է»,- նշել է Ստեֆան Դյուժարիկը՝ կողմերին կոչ անելով զսպվածություն դրսևորել։
ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՄՈՏ 1.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Վաշինգտոնը հուսով է, որ Ուկրաինայում իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այդ հարցում չի տեսնում ռուսական կողմի պատրաստակամությունը։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան խոսնակը։
«ԱՄՆ վարչակազմը կշարունակի ամրապնդել Կիևի դիրքերը Մոսկվայի հետ քննարկումներում, ինչպես նաև օգնել պաշտպանել երկրի ժողովրդավարությունը»,- նշել է Կարին Ժան-Պիեռը։
Ամերիկյան իշխանությունները նաև մտադիր են Ուկրաինային ամսական մոտ 1,5 մլրդ դոլար տրամադրել՝ կառավարության աշխատանքներին աջակցելու համար։
Ժան-Պիեռի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի առաջնահերթ խնդիրն է կարգավորել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը և ապահովել համաշխարհային պարենային անվտանգությունը, որը, նրա կարծիքով, վտանգվել է Մոսկվայի գործողությունների պատճառով։
«ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված ընթացակարգով միանալու հայտի շուրջ բանավեճին․ համապատասխան որոշումը պետք է կայացնի միայն Եվրոպան»,- համոզմունք է հայտնել պաշտոնյան։
Ժան-Պիեռը տեղեկացրել է նաև, որ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի՝ 2024 թվականի ընտրություններում։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՇՈԼՑԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԲԵՌԼԻՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Կիևը պատրաստ է բանակցելու, եթե Ռուսաստանն ապացուցի, որ իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք մեր ժամանակը չենք վատնի քննարկումների վրա, որոնք արդյունքի չեն բերում»,- համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նա նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է վերջնականապես հստակեցնել Բեռլինի դիրքորոշումը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։
«Մեզ կանցլերից երաշխիքներ են պետք, որ Գերմանիան աջակցում է Կիևին»,- շեշտել է Զելենսկին։
ՌԴ-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՂԵԼԸ ԱՆՀՆԱՐ Է. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանին միջազգային զարգացումներից դուրս մղելը անհույս ու անհնար նախաձեռնություն է՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը։
«Իրավիճակը հեշտ չէ, ավելի շուտ՝ այն կարելի է որակել որպես բարդ՝ հաշվի առնելով Մոսկվայի դեմ հայտարարված աննախադեպ տնտեսական պատերազմը։ Սակայն նոր հնարավորություններ են բացվում բարեկամ երկրների հետ հարաբերություններում։ Ռուսաստանը նրանց հետ կպահպանի ինտեգրման տարբեր ձևաչափերը, կշարունակի առևտրային և ներդրումային փոխանակումները, կձևավորվեն նոր «ցանցեր» թե՛ առևտրի, թե՛ արտադրության ոլորտներում»,- մանրամասնել է Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հաճախ է խոսում Ռուսաստանի տեխնոլոգիական, արդյունաբերական և առևտրային ինքնիշխանության մասին: «Սակայն խոսքը ոչ մի դեպքում երկրի համաշխարհային մեկուսացման մասին չէ»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐՍԿՍԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
Թուրքիան կվերսկսի Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի հանքավայրերի հետախուզումը, սակայն ներկայումս Անկարայի առաջնահերթությունը Սև ծովում գազի արդյունահանումն է՝ հայտարարել է էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Ցանկանում ենք նվազեցնել բնական գազից երկրի արտաքին կախվածությունը։ Հիմա մենք 99 տոկոսով կախված ենք արտասահմանյան բնական գազից»,- մանրամասնել է նախարարը։
Նրա խոսքով՝ գազը կարող է արդյունահանվել Միջերկրական ծովում Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտում և այլ երկրների հետ համատեղ ուղարկվել Եվրոպա։
«Աշխարհը էներգետիկ ճգնաժամի ճանապարհին է, Եվրոպան գիտակցում է դա և նոր աղբյուրներ փնտրում։ Մենք էլ գործակցության նոր հնարավորություններ ենք տեսնում»,- նշել է Դոնմեզը։
Նախօրեին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Սև ծովի հատակով մինչև Սաքարյա գազի հանքավայր 170 կմ երկարությամբ գազատարի շինարարության մասին։ Նրա խոսքով՝ գազը սպառողներին կհասնի 2023 թվականի առաջին եռամսյակում։ Նշվում է, որ Սաքարյայի պաշարները գերազանցում են 400 միլիարդ խորանարդ մետրը: Սև ծովում բնական գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին Անկարան հայտարարել էր դեռ 2020 թվականին։